Եթե 12 տարի դիմացել եմ, ուրեմն՝ մի բան կա

Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը՝ պատասխանելով armversioan-ի դիտարկմանը, թե շատ է խոսվում ՀՀԿ վերնախավի՝ հատկապես ԱԺ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին, մասնավորապես, ընտրություններին քիչ ձայներ հավաքելու հետ կապված, ասել է. «Պիտի ձեզ ասեմ, որ որևէ տարաձայնություն մեր ղեկավարների հետ, ներկուսակցական և տնտեսական որևէ տարաձայնություն չունեմ, կարող է հարցեր լինեն, մենք տարբեր կարծիք ունենանք, բայց չկան տարաձայնություններ: Եթե ես տարաձայնություններ ունենայի իշխանության հետ, 12 տարի՝ էն էլ Կոտայքի մարզում, համաձայնեք, որ ամենաբարդ մարզն է երկրում, եթե դիմացել եմ, ուրեմն մի բան կա: Էդ ոնց էք որոշել, որ քիչ ձայներ են հավաքվել: Մենք ունենք բավարար քանակությամբ համակիրներ և չեմ համաձայնվում, որ Կոտայքի մարզում ՀՀԿ քիչ ձայներ է հավաքել, բնականաբար չեմ համաձայնվում, և վերնախավից ոչ մեկն էլ այդպիսի կարծիք չի հայտնել»:

Հարցին էլ, թե ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում Ձեր պաշտոնանկության մասին, Շահգալդյանը պատասխանել է. «Էդ լուրերը գիտեք երբվանից են պտտվում, երբ որ ես նշանակվել եմ մարզպետի պաշտոնին 2001-ին` հունվարի 12-ին, 12 տարին կլրանա: Առաջին տարում խոսակցություններ չեղան, դրանից հետո պարբերաբար տարբեր լրատվամիջոցներ ուզում են սենսացիաներ անեն , էն էլ չի հաջողվում: Դուք հիմա Կոտայքի մարզի մարզպետի աշխատասենյակում եք, իմ տրամադրությունը շատ բարձր է, ինչ պաշտոնանկության մասին է խոսքը: Հավելեմ, որ ոչ մեկը պաշտոնը որպես ժառանգություն չի ստացել, կգա մի պահ, բնականաբար, որ պաշտոնը կթողնեմ, բայց ես դիտավորյալ չեմ ուզում էս պաշտոնից հեռանալ, հենց ի հեճուկս լրատվամիջոցների»:

Տեսանյութեր

Լրահոս