Թեհրանի խորհրդաժողովը կոչ է արել չզինել Սիրիայի ապստամբներին

Իրանում Սիրիայի հարցով 29 երկրների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովից հետո Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարությամբ է հանդես եկել:

Նա նշել է, որ համաժողովի մասնակից երկրները կոչ են անում անհապաղ դադարեցնել բախումները և կողմերի միջև բանակցություններ սկսել:

Սալեհին նշել է, որ ցավ է զգում Սիրիայում տեղի ունեցող բախումների, մարդկային կորուստների և մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի համար: Այս մասին տեղեկացնում է իրանական Press TV-ն:

Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում մասնակից երկրները շեշտել են, որ կողմ են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի վեց կետանոց ծրագրի իրականացմանը. ինչպես նաև, «պետք է դադարեցնել ընդդիմադիր խմբերին զինելու գործընթացը»:

Սալեհին ասել է, որ իրենք դեմ են Սիրիայի հարցում ցանկացած արտաքին միջամտությանը և աջակցում են խաղաղ ճանապարհով լուծում գտնելու ջանքերին: Նա վերահաստատել է, պաշտոնական Թեհրանի այն տեսակետը, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ընդդիմադիր խմբերի և սիրիական կառավարության միջև:

Թեհրանում կայացած հավաքին մասնակցել են 29 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում Չինաստանից, Ռուսաստանից, Կուբայից, Վենեսուելայից, Իրաքից, Պաղեստինից և Հայաստանից:

Թուրքիան, Սաուդիան Արաբիան և Կատարը հանդիպման հրավեր առհասարակ չեն ստացել: Չի մասնակցել նաև Ադրբեջանը:

Տեսանյութեր

Լրահոս