Բաժիններ՝

Ինչպե՞ս են նկարահանել Բեն Լադենի վնասազերծման մասին պատմող ֆիլմը

««Զրոյական տեսանելիություն 30» կինոնկարի ստեղծման ժամանակ ռեժիսոր Քեթրին Բիհելոն, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Աբբոթթաբադի օպերացիայի վերաբերյալ գաղտնի նյութեր»,- գրում է իտալական La Repubblica-ն` անդրադառնալով Ուսամա Բեն Լադենի վնասազերծման մասին պատմող «Zero Dark Thirthy» ֆիլմին:

«Այն դեռևս չի հայտնվել կինոթատրոնների էկրաններին, սակայն արդեն հասցրել է կրքեր բորբոքել և լուրջ մեղադրանքներ հասցեագրել ֆիլմի հեղինակներին»,- գրում է պարբերականը:

«Ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիհելոն և սցենարի հեղինակ Մարկ Բոալը բացահայտելո՞ւ են «ծովային կատուների» կողմից Բեն Լադենի տուն ներխուժելու օպերացիայի գաղտնիքները: Եթե՝ այո, ապա ո՞վ է նրանց տրամադրել գաղտնի տեղեկությունները»,- հարցնում է La Repubblica-ի հրապարակման հեղինակը: «Ֆիլմում քաղաքականություն չի լինելու: Ֆիլմում չկա անգամ Օբամայի կերպարը, ինչի առթիվ շատերը կզարմանան»,- Reuters-ին ասել է Մարկ Բոալը: La Repubblica-ն ֆիլմում Օբամայի կերպարի բացակայությունը բացատրում է նրանով, որ «Zero Dark Thirthy» ժապավենի դիստրիբյուտոր Sony ընկերության տնօրեն Մայքլ Լինթոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ֆինանսիստներից մեկն է:

«Ֆիլմին ուղղված առաջին հարձակումների հեղինակը հանրապետական սենատոր Փիթեր Քինգն էր, ով հայտարարեց, թե կինոնկարի հեղինակները ստացել են ԱՄՆ պատմության մեջ ամենագաղտնի օպերացիայի փաստթղթերին ծանոթանալու «բարձր մակարդակի հասանելիություն», այն դեպքում, երբ ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախորդ` Բուշի վարչակազմից ավելի խիստ կերպով պատժում է գաղտնի տեղեկատվության հրապարակման համար: Քինգի կարծիքով, Բեն Լադենի սպանության մասին պատմող ֆիլմն այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ծառայելու էր նախագահ Բարաք Օբամայի քարոզչությանը:

Նման բուռն արձագանքների արդյունքում՝ «Zero Dark Thirthy» ֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր այս տարվա հոկտեմբերի 12-ին, հետաձգվել է և տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին»,- գրում է La Repubblica-ն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս