
«Աշխատավայրում եմ, կարող են գալ-տեսնել»

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Իտալիայում իր հերթական արձակուրդն անցկացնելուց հետո` օգոստոսի 7-ից նա աշխատանքի է վերադարձել:
Հիշեցնենք, որ այդ լուրերը սկսել էին շրջանառվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Ոստիկանության կոլեգիայի նիստին մասնակցելուց հետո: Ն. Նազարյանը մասնակցել էր կոլեգիայի նիստին, որը վարում էր Սերժ Սարգսյանը, բայց չէր մասնակցել փոխոստիկանապետերի հետ լրագրողների հանդիպմանը, ինչն էլ քննարկման առարկա էր դարձել:
«Ես այդ օրվանից արձակուրդի մեջ էի, և այդ պատճառով չեմ մնացել մասնակցելու լրագրողների հետ հանդիպմանը: Արդեն 15 տարի շարունակ հուլիսի 24-ից օգոստոսի 7-ը ես սովորական արձակուրդի եմ գնում: Ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչո՞ւ և ովքե՞ր են ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դնում նման խոսակցությունները: Ես աշխատավայրում եմ, կարող են գալ-տեսնել»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ն. Նազարյանը: