Վանաձորում առաջադրվել է քաղաքապետի հինգ թեկնածու
Լոռու մարզում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետի վերջին օրը` օգոստոսի 10-ին, Ախթալայում առաջադրվել է մեկ, Թումանյանում, որտեղ մինչև վերջին օրն առաջադրումներ չկային, և Վանաձորում` երկուական թեկնածուներ: Մարզի մյուս քաղաքային համայնքներում նոր առաջադրումներ չեն եղել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Այսպիսով` Վանաձորում օգոստոսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը:
Ստեփանավանում առաջադրված են երեք թեկնածուներ. ինքնաառաջադրված անկուսակցականներ` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը և ֆերմեր Վարդան Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ, «Արգոս» ԲԲԸ տնօրեն Սերգեյ Մարգարյանը:
Տաշիրում ինքնաառաջադրված են անկուսակցական չորս թեկնածուներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:
Ախթալայում, Թումանյանում և Շամլուղում առաջադրված են քաղաքապետերի երկուական թեկնածուներ:
Ախթալայում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Հայկազ Խաչիկյանը, ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Սուրեն Թամազյանը:
Թումանյանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Լևոն Զավարյանը, ինքնաառաջադրվել է «Բուրգ 909» ՍՊԸ-ի բանվոր, ՀՀԿ անդամ Ռոբերտ Մխիթարյանը:
Շամլուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Լենդրուշ Բեջանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Հովհաննես Առաքելյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 113 համայնքներից 96-ում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: