
Ռուսաստանի ոստիկանությունը խուզարկել է REGNUM-ի գրասենյակը

Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները Լատվիայի իրավապահ մարմինների խնդրանքով խուզարկություն են կատարել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող REGNUM լրատվական գործակալության գրասենյակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:
Մոսկվայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ գործակալության գրասենյակում հետաքննչական միջոցառումների ընթացքում անցկացվել է մեկ հարցաքննություն, առգրավվել են երկու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթեր:
Միաժամանակ, Լատվիայի ԱԳՆ-ն հերքում է, որ իր երկրի իշխանությունները մասնակից են REGNUM-ում կատարված խուզարկությանը: «ԱԳՆ-ն նման խնդրանքով չի դիմել, բացի այդ, մենք տեղեկություն չունենք, որ Լատվիայի այլ կառույցներ նման խնդրանքով դիմել են Ռուսաստանին»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Լատվիայի ԱԳՆ-ն REGNUM-ի նախկին ղեկավար Մոդեստ Կոլերովին և այդ գործակալության փոխխմբագիր Իգոր Պավլովսկուն հայտարարել էր «անցանկալի անձ»: