Բուռնաշն ու Եֆիմ Կոպելյանը

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ  «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հայտարարել է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում և ոչ էլ իրեն օլիգարխ է համարում։ Նա իրեն համարում է միայն պատգամավոր: Իսկ թե ո՞ւմ է համարում օլիգարխ՝ Աշոտ Աղաբաբյանը հրաժարվել է պատասխանել։

Ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերի հարցերին, պատգամավորն ասել է. «Ես բիզնեսով չեմ զբաղվում։ Ունեմ բիզնեսներ, որտեղ ունեմ իմ դեվիդենտները։ Իսկ բիզնեսով զբաղվում են համապատասխան մասնագետները, որոնք այսօր ղեկավարում են «Հրազդան» մարզադաշտը և մնացած բոլոր բիզնեսները»։

Ի դեպ, նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչո՞ւ են իրեն ասում «Բուռնաշ»՝ միաժամանակ հայտարարելով, թե դա իր «մականունը» չէ։

«Իմը մականուն չէ։ Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ռադիոհաղորդիչներ։ Այդտեղ ունեցել ենք ծածկանուններ, որ թշնամին՝ դուք գիտեք, ադրբեջանցիք շատերը հայերեն իմացել են, և մենք անուններով չենք խոսել իրար հետ, ծածկանուններ ենք ունեցել։ Այնպես որ՝ ես չեմ էլ խորշում, որ իմ ծածկանունը Բուռնաշ է: Ժամանակին, որ ավելի ջահել էի, մազերս մի քիչ ավելի շատ էր և գանգուր, ընդամենը Եֆիմ Կոպելյանին նման էի, և տղաները, նմանեցնելով, ասացին՝ քո ծածկանունը բեր Բուռնաշ դնենք»,- ասել է Աշոտ Աղաբաբյանը։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով Աշոտ Աղաբաբյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե ինքը կմիջնորդի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չդնի, պատգամավորին հետևյալ հարցն էր ուղղել․ «Ձեր վերջին հարցազրույցի համար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնե՞լ է»։

Ի պատասխան, Աշոտ Աղաբաբյանն ասել է. «Դատական համակարգը մինչև որոշում չկայացնի, թե ովքեր են մեղավորները, ես դեմ եմ, որ նա իր մանդատը ցած դնի։ Որովհետև իրեն ժողովուրդն է ընտրել, ինքը մեծամասնականով է ընտրվել։ Ինքը կարող է ուզենա, բայց այդ ժողովուրդը կուզի՞։ Դրա համար այդ ժողովուրդն էլ է սպասում հենց նրան, թե դատական պրոցեսից հետո ինչ կլինի»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Աշոտ Աղաբաբյանն ավելի վաղ տված իր հարցազրույցում Վահե Ավետյանի հիշատակի մոմավառության մասնակիցներին անվանել տականք, ՀՀԿ-ական պատգամավորը հերքել է, թե երբևէ նման բան է ասել․ «Մոմավառության մասնակիցները տականք չեն։ Նրանք շատ լավ մարդիկ են, որոնք հարգում են տուժված բժշկին։ Ես տականքներ ասել եմ նրանց կազմակերպիչների մասին, որոնք օգտագործում են այդ ամեն ինչը իրենց շահերից ելնելով»։

Նաև հավելել է, թե գենետիկայից զուրկ է համարում բոլոր հրահրող, խաղաղության արժեքը չգիտակցողներին։

«Այն մարդը, որն իր կյանքում չի կարողանում գիտակցել, որ երկրի խաղաղությունը դա իր հոգու խաղաղությունն է ևամեն ինչ անում է, որ խառնաշփոթներ ստեղծի, ես այդ մարդկանց եմ համարում գենետիկայից հեռու մարդիկ․․․չեղած տեղից ինչ-որ բան ստեղծել, ժողովրդին ոտի հանել, առանց հիմնավորելու փաստերը․․․ թող հիմնավորեն, նոր այդ քայլերին գնան։ Եթե ինքը մասնագիտությամբ հրահրող է, ինքը ի՞նչ կապ ունի հայ ժողովրդի հետ»,- ասել է Աղաբաբյանը։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկն էլ հարցրել էր՝ «Պարոն Աղաբաբյան, դուք եղե՞լ եք բուֆետչիկ»։

«Ես 9-10-րդ դասարանի արձակուրդներին Մետաքսի կոմբինատում բանվոր եմ աշխատել, օգնել եմ իմ ծնողներին, որոնք մանկավարժ են եղել»,- պատասխանել է Աշոտ Աղաբաբյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով Աշոտ Աղաբաբյանին, ասել էր. «Տո այ բուֆետչիկ…»:

Հարցին էլ՝ եթե Սերժ Սարգսյանը ձեզանից պահանջի հրաժարվել մանդատից ու հեռանալ գործունեության ասպարեզից, կենթարկվե՞ք այդ հրահանգին, Աղաբաբյանը պատասխանել է․ «Ավելացնեմ նաև, որ նա մեր գլխավոր հրամանատարն է, և եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելը իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։

Ի դեպ՝ Աշոտ Աղաբաբյանը հրաժարվեց պատասխանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերաբերող բոլոր հարցերին, նշելով միայն, որ քննադատել է իրեն դուր չեկող աշխատաոճը։

Տեսանյութեր

Լրահոս