Օլիգարխներն ապահովագրվում են օլիգարխիայից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ հայտարարությունների, ասել էր, թե ռուսական կապիտալը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում: Ռուսներին ուղղված հաճոյախոսությունից բացի, դա կարելի է ընդունել նաև՝ որպես Հայաստանի տնտեսական կյանքի վերաբերյալ օբյեկտիվ իրականության արձանագրում: Պարզապես այդ գնահատականում, թերևս, պետք է ավելացնել «միայն» բառը: «Հայաստանում իրեն հարմարավետ է զգում միայն ռուսական կապիտալը» արտահայտության մեջ չափազանցություն չկա, քանի որ Հայաստանում կապիտալի որևէ այլ «տեսակ» ոչ միայն իրեն լավ չի զգում, այլև  հնարավորության դեպքում հեռանում է այստեղից: Դա անուղղակիորեն հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության միջազգային ներդրումային և արտաքին պարտքի դիրքերը»  զեկույցի համաձայն՝ միայն 2011թ. ընթացքում արտերկրներում կատարված ուղղակի ներդրումներն աճել են ավելի քան 77 միլիոն դոլարով` անցած տարվա վերջի դրությամբ կազմելով 163.13 միլիոն՝ տարվա ընթացքում աճելով 77 միլիոն դոլարով: Ընդ որում, այս ցուցանիշը վերաբերում է միայն ուղղակի ներդրումներին և, բնականաբար, չի ներառում տարբեր օֆշորային գոտիներում գրանցված, սակայն իրականում հայաստանյան ծագում ունեցող ընկերությունների կողմից արտերկրում կատարված ներդրումները: Սակայն մեկ տարվա կտրվածքով անգամ 77 միլիոն դոլարի արտահոսքը Հայաստանի համար ոչ թե լուրջ, այլ չափազանց լուրջ ցուցանիշ է: Երբ Հայաստանում մի քանի տասնյակ հազար դոլարի ներդրում է կատարվում, ու որևէ արտադրամաս է բացվում, և նվազագույնը վարչապետի մակարդակով «կարմիր ժապավեն» է կտրվում, այդ իրադարձությունը լուսաբանվում է հեռուստատեսությամբ` ներկայացվելով՝ որպես տնտեսության զարգացման ապացույց: Սակայն նույն իշխանությունները 77 միլիոն դոլար կապիտալի արտահոսքի մասին գերադասում են չխոսել, քանի որ դժվար է գեղեցիկ ելույթներ ունենալ տնտեսության գրավչության, ներդրումային դիրքի բարելավման մասին և միաժամանակ հիմնավորել, թե ինչո՞ւ 77 միլիոն դոլարի համար Հայաստանը գրավիչ չի եղել:

Թե ովքե՞ր են այդ 77 միլիոն դոլարն արտերկրում ներդնող սուբյեկտները, պաշտոնական վիճակագրությունը, բնականաբար, չի մանրամասնում: Սակայն,  հաշվի առնելով հայաստանյան տնտեսական ու քաղաքական իրողությունները, կարելի է ենթադրել, որ դրանց գերակշիռ մասը խոշոր գործարարների կամ օլիգարխների կատարած ներդրումներ են: Հայաստանում շատ քիչ միջին խավի գործարարներ կգտնվեն, ովքեր ի վիճակի են արտերկրում ներդրումներ կատարել: Այսինքն` մեծ մասամբ կապիտալ են արտահանում այն գործարարները, ովքեր, ըստ էության, համարվում են Հայաստանի «օլիգարխիկ» բնորոշվող տնտեսության հիմնասյուները: Մամուլում պարբերաբար նրանց կողմից արտերկրում խոշորածավալ ներդրումների կատարման մասին տեղեկություններ հայտնվում են, ավելին, այդ գործարարներն իրենք են երբեմն հպարտորեն խոսում իրենց օտարերկրյա ներդրումների մասին: Նրանք, ըստ էության, իրենց ունեցվածքը հանում կամ փախցնում են Հայաստանից` այդպիսով ապահովագրվելով քաղաքական անկանխատեսելի զարգացումներից: Խոշոր գործարարները` ունենալով անսահմանափակ արտոնություններ, միևնույն ժամանակ, քաղաքականապես ամենախոցելի սուբյեկտներն են, քանի որ նրանց գերշահույթների հնարավորություն տվող իշխանությունը ցանկացած ժամանակ կարող է օլիգարխներից յուրաքանչյուրին դարձնել «ազդեցությունների վերաբաշխման» զոհ: Որքան էլ տարօրինակ ու, առաջին հայացքից՝ աբսուրդային հնչի, օլիգարխներն օտարերկրյա ներդրումների միջոցով  ապահովագրում են իրենց ունեցվածքն օլիգարխիկ տնտեսությունից ու դրա խաղի կանոնները որոշող իշխանությունից: Այդ գործընթացն ակտիվանում է հատկապես ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, և այդ առումով 2011 թվականի` 77 միլիոն դոլարի աճը շատ օրինաչափ է: 2013 թվականի փետրվարին Հայաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Դեռևս հայտնի չեն դրա մրցակիցները, սակայն քաղաքական դաշտը «շնչում» է այն համոզվածությամբ, որ այդ ընտրությունները բավական լարված են լինելու, այդ թվում՝ օլիգարխիայի տարբեր թևերի միջև պայքարի առումով: Այնպես որ, բացառված չէ, որ հենց այս օրերին Հայաստանից կապիտալի ինտենսիվ արտահոսք է տեղի ունենում, ինչը թվային արտահայտությամբ ԱՎԾ-ն կհրապարակի հաջորդ տարի` արդեն ընտրություններից հետո:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս