Իսրայելի առանցքային պաշտոնյաները մտադիր են Իրանին հարվածել աշնանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են, որ Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումը տեղի ունենա առաջիկա աշնանը, սակայն նրանց այդ հարցում դեռ չի աջակցում բանակի ու հատուկ ծառայությունների հրամանատարությունը:
Ըստ իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթի՝ Էհուդ Բարաքն ընդունում է, որ Իրանն այդ հարձակումն անպատասխան չի թողնի և այդ գործում կներգրավի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը՝ նրա հազարավոր հրթիռների հետ մեկտեղ: Հակամարտության յուրաքանչյուր օրն Իսրայելի համար արժենալու է 1.5 միլիարդ շեքել (375 միլիոն դոլար):
Դրա հետ մեկտեղ Բարաքը վստահ է, որ Իսրայելը կդիմանա և չի հեղինակազրկվի միջազգային հանրության աչքում, որը շեշտը դնում է բանակցությունների և պատժամիջոցների շարունակման միջոցով Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու օգտին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին վստահ է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող ժամանակին կանգնեցնել Իրանին՝ ատոմային զենք ձեռք բերելու ճանաարհին: Նեթանյահուն ու Բարաքը հակված են նրան, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարված պետք է հասցնել մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններ, գրում է իսրայելական պարբերականը: