Կոնգրեսականը Սիրիայի քրիստոնյաներին պաշտպանելու բանաձև կներկայացնի

Հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսը կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնել Սիրիայում բնակվող քրիստոնյաների` այդ թվում հայերի պաշտպանությունը: Այս նպատակով Ներկայացուցիչների պալատի անդամը հատուկ բանաձև է մշակել, որը Կապիտոլիումում շրջանառության մեջ կդրվի հաջորդ ամիս:

«Կարծում եմ, որ այստեղ` Միացյալ Նահանգներում, մենք պարտավորություն ունենք, և ես շարունակում եմ խոսել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, ինչու չէ` բոլոր կրոնական փոքրամասնությունների անունից: Կարծում եմ, որ ապագայում այս հարցը պետք է նախապայման դառնա սիրիական կառավարության առջև, որպեսզի այն ամբողջության կատարի իր պարտավորությունները` պաշտպանելով կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Մենք գիտենք, որ Ասադն ի վերջո հեռանալու է, նրա վարչակազմը կոռումպացված է, աջակցում է ահաբեկիչներին` մասնավորաբար «Հըզբոլահ» շարժմանը: Բայց ինչ կառավարություն էլ զբաղեցնի նրա տեղը` մենք պետք է համոզված լինենք, որ Սահմանադրության մեջ ընդգրկվելու են կրոնի, խոսքի և արտահայտվելու ազատությունները երաշխավորող դրույթները»,- նշել է հանրապետական կոնգրեսականը «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան գրասենյակին տված հարցազրույցում:

Բիլիրակիսը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է լրջորեն զբաղվի սիրիահայերի առջև ծառացած խնդիրներով:

«Ես միշտ ակտիվորեն աջակցել եմ հայերին, եղել եմ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված այն բանաձևի համահեղինակներից մեկը, որում հստակ նշվում էր, որ Ցեղասպանություն եղել է: Ես ինքս հունական ծագում ունեմ և շատ լավ տեղյակ եմ, թե այդ հրաշալի մարդիկ ինչպիսի դժվարությունների միջով են անցել: Ես ցանկանում եմ պաշտպանել կրոնական բոլոր փոքրամասնություններին: Որպես Ներկայացուցիչների պալատի անդամ` դա իմ պարտականությունն է», – ասել է Բիլիրակիսը:

Տեսանյութեր

Լրահոս