Բաժիններ՝

Մարթեն Յորգանց. «Հայաստանը անկախություն ունեցավ, մերօրյա տաղանդներն ի հայտ եկան»

Այսօր տեղի ունեցավ ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցի մամլո ասուլիսը: Թեման՝ Հայաստան-Սփյուռք մշակութային համագործակցության ներկա վիճակը և խնդիրներն էին:

Ասուլիսի սկզբում երգիչն ասաց, որ ինքը, 1988թ. ի վեր 120-ից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում: Նրա խոսքով՝ ինքը շատ է սիրում Հայաստանը, այստեղ ընկերներ ունի, կցանկանար միշտ այստեղ լինել, բայց տարվա մեջ լինել դրսում 10 ամիս, իսկ հայրենիքում 2 ամիս՝ ավելի հաճելի է այն առումով, որ միմյանց կարոտում են:

4 օր առաջ էլ Յորգանցը մենահամերգ է ունեցել Տիկնիկային թատրոնում, դրանից հետո ուրիշ երգիչների հետ միասին համերգներ է ունեցել Պարոնյանի անվան թատրոնում, Գյումրիում, Կամերային տան թատրոնում, Աղավնաձորում, ինչպես նաև երգել է` հյուրընկալելով «Վիտամին» ակումբի վերջին հաղորդմանը, որը կհեռարձակվի այս շաբաթ: Յորգանցն ասաց, որ ինքը շատ լեզուներով երգեր ունի, իսկ ամենաշատը սիրում է երգել իտալերենով:

Սփյուռքում յուրաքանչյուր շաբաթ մի տեղ նա համերգ է ունենում իր հաճույքի և ֆինանսի համար, իսկ Հայաստան այցելում և երգում է միայն հաճույքի համար: Հայաստան կատարած այս այցելության ժամանակ մեծանուն երգիչը հյուրընկալել է մի շարք հեռուստաընկերությունների, որոնց հաղորդաշարերին նա հետևում է ֆրանսիայում գտնվող իր բնակարանում: Նրա խոսքով, ցավոք, կան հաղորդաշարեր, որոնցում օգտագործվող աղավաղված հայերենն ինքը չի հասկանում:

Մարթեն Յորգանցի խորհուրդը հայ երգիչ-երգչուհիներին, կոմպոզիտորներին, երգերի բառեր գրողներին այն է, որպեսզի չընդօրինակեն օտարներին` ստեղծելով իրենցը:

Նրա կարծիքով՝ այստեղի «փոքրիկները փոքրիկ չեն». նրանք ծնված օրից արդեն արտիստ են, քանի որ շատ տաղանդավոր են, և շատ հեշտ է իրենց հետ աշխատելը: Ցույց տալով իր պարանոցի խաչը, որն իրեն նվիրել է իր կինը (իսկ 20 տարի առաջ իր նախորդ խաչը Հայաստանում կնունքի ժամանակՄ.Յորգանցը տվել է իր անունը կրող գյումրեցի իր սանիկին), Յորգանցն ասաց, որ միայն Հայաստանում է կարողանում այն կրել վստահորեն, քանի որ մնացած երկրներում, ինչպես նաև Ֆրանսիայում, ամեն ինչ խառն է, և ինքը, հասկանալի պատճառներով, չի կարողանում կրել սեփական դավանանքը բնորոշող թանկագին նվերը:

«88-են ի վեր 2 սերունդներն ալ գիտեն իմ երգերը՝ «Ճկութիկ», «Այբ, բեն գիմ» և ինձմե դա կպահանջեն»,- ասաց ֆրանսահայ երգիչն ու ավելացրեց, որ ինքն ունի «Հայաստան»՝ փոքրիկների ապագան վերնագրով նոր երգ, որը ձայնագրելու է «Աստղիկներ»-ի հետ միասին:

Մ. Յորգանցը իր մեծ ժողովրդականության գաղտնիքը տեսնում է զանազան լեզուներով երգելու, նաև փոքրիկների համար գրված, բայց մեծահասակներին էլ հոգեհարազատ երգեր երգելու մեջ: Նա դժվարանում է համեմատել այն տարիների երաժշտությունն ու ներկայինը, բայց գտնում է, որ ոճն այժմ բոլորովին փոխվել է:

Յորգանցի կարծիքով, երբ Հայաստանը անկախություն ունեցավ, մերօրյա տաղանդներն ի հայտ եկան: Ըստ նրա՝ դժբախտաբար ինքը հայ երգիչ-երգչուհիներից ոչ մեկին մոտիկից չի ճանաչում և նրանցից որևէ մեկի հետ ոչ միայն երբևէ չի համագործակցել, այլև կողք-կողքի չի նստել ու զրուցել:

Ֆրանսահայ երգիչը բարձր գանահատեց Ջիվան Գասպարյանի, Նունե Եսայանի ունեցած համերգները Թուրքիայում, հատկապես, որ, ըստ նրա՝ Ստամբուլի հայությունը շատ հայրենասեր ժողովուրդ է: «Հայաստանը Սփյուռքին շատ բաներ կուտա, և Սփյուռքն էլ Հայաստանին կուտա: Ես շատ կփափագեմ Հայաստանում տուն մը ունենալ ու Հայաստան գալիս և աշխատելիս այնտեղ տեղավորվել: Օրերս դրա վրա կաշխատեմ: Սիրիահայերը, որ դժբախտություն ունեցած են, լավ կլիներ, որ Հայաստանում տեղավորվեին բարեհաջող կերպով»,- ասաց Մ. Յորգանցը:

Մարթեն Յորգանցը կարծում է, որ մենք` հայերս, հաճախ «սրտով ենք մտածում», ինչը սխալ է, քանի որ խելքով պետք է մտածել: Ըստ նրա` մեր հարցերը լուծել և մեր ցանկացածը ստանալ պետք է միայն խելացիորեն, բարեկամաբար, քանի որ հայհոյելով (Թուրքիային) և վատ խոսքեր ասելով` դրան չենք հասնի:

Մարթեն Յորգանցն ասաց, որ զբոսաշրջիկների համար շատ հաճելի է լինել Հայաստանում, և հորդորեց սպասարկման ոլորտի պատասխանատուներին` ավելի լավ վերաբերվել նրանց, որպեսզի գոհ վերադառնան և գովազդեն, թե չե հյուրանոցներում, ռեստորաններում հաճախորդներին ներկայացվող իրական հաշվին գերազանցող թվերը մեզ ոչ մի օգուտ չեն բերի:

Յորգանսը հաջորդ անգամ Հայաստան է գալու հավանաբար նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին:

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս