«Rihanna, Beyonce էլ թող երգեն, բայց ոչ՝ Կոնսերվատորիայի դասաժամերին»
Ասում է երգչուհի Լայանան
Երգչուհի Լայանան վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ սեպտեմբերին նոր տեսահոլովակ է ունենալու, այնուհետև մեկնելու է Գերմանիա:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Լայանան նշեց, որ փոխվել է ճամփորդության վայրը, Գերմանիա մեկնելու փոխարեն՝ «Գոհար» սիմֆոնիկ երգչախմբի հետ հյուրախաղերի է մեկնելու Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ:
Լայանան երգարվեստ մուտք է գործել 2003թ.` հենց «Գոհար» սիմֆոնիկ երգչախմբի միջոցով: Ստեղծագործական ճանապարհի ընթացքում ձևավորվել է նրա ոճը. «Երգչախմբում ես երգում եմ դասական ոճով, բայց որոշեցի ներկայանալ նաև էստրադային ոճով: Պրոդյուսերական գործերով զբաղվում է Դավիթ Հարությունյանը, և հենց նա էլ կնքեց իմ բեմական անունը` Լայանա»: Երգչուհու առաջին տեսահոլովակն է եղել «Հեյ նայ»-ը, որը ներկայացվել է երեք տարբերակով`հայերեն, անգլերեն լեզուներով և ռեմիքս տարբերակով: Առհասարակ, Լայանան սիրում է ներկայանալ երաժշտական տարբեր ոճերի մեջ: Երգչուհու նոր երգը գործիքավորման ընթացքի մեջ է: Լայանան և նրա պրոդյուսերը` Դավիթ Հարությունյանը, մտածում են առաջիկայում նաև դուետով հանդես գալու մասին. «Դուետ լինելու է, բայց դեռ որոշված չէ, թե ում հետ»,- ասաց երգչուհին:
Հայկական շոու-բիզնեսում օր օրի հայտնվող «աստղերի» մասին (երգչուհի Հասմիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում այդ նորօրյա «աստղերից» շատերին «վիրուսներ» էր անվանել) մեր հարցին ի պատասխան՝ երգչուհին նշեց. «Այսօր գումարը կյանքում շատ բան է որոշում, բայց ես այդ «վիրուսներին» կանվանեի «մոլախոտեր», որովհետև կան դաշտեր, որտեղ աճում են գեղեցիկ ծաղիկներ, և կան մոլախոտեր, որոնք վնասում են ծաղիկների աճին: Եվ նման երևույթներ շատ կան երգարվեստում, բայց նրանք չեն ունենում երկար գործունեություն, իրենց ասելիքը շուտ է սպառվում»:
Երգչուհին ցավով է նշում, որ այսօր քիչ են կատարվում կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանի հեղինակած երգերը: «Ես, քանի որ երգում եմ «Գոհարում» և էստրադայում, ինձ հոգեհարազատ են և՛ դասական, և՛ էստրադային ոճերը, սակայն, ցավոք, այսօր կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն այդ երգերից: Սակայն լավ կլիներ, որ երգեին այդ երգերը: Լավ կլիներ, որ Երևանի պետական կոնսերվատորիայում ոչ միայն Ռաիսա Մկրտչյանի դասարանում երգեին Ռոբերտ Ամիրխանյանի և Հեքիմյանի երգերը, այլև բոլոր դասարաններում: Այսինքն՝ Rihanna, Beyonce թող երգեն, բայց ոչ՝ Կոնսերվատորիայի դասաժամերին»:
«Պետք է լսել, իմանալ մեր հին երգերը, տարիների փորձ ունեցող մեր կոմպոզիտորներին, իսկ այն երգերը, որոնք կատարում ենք հիմա` թիթեռի կյանք ունեն, և շատ երգեր չեն կարող ապրել այնքան երկար, որքան ապրել ու ապրում են տարիներ առաջ գրված երգերը»,- ասաց Լայանան:
Երգչուհու համոզմամբ` ինտերնետը և հեռուստատեսությունը լայն հնարավորություններ են տալիս երգիչներին`իրենց երգերը և տեսահոլովակները լայն հանրությանը ներկայացնելու համար: Ավելին, ինտերնետն այսօր հաղթել է և՛ հեռուստաընկերությանը, և՛ ձայնասկավառների խանութներին: Իսկ ձայնասկավառակն այսօր արդեն այցեքարտի դեր է կատարում երգիչների համար, հատկապես՝ հյուրախաղերի ընթացքում: Ցանկալի է մենահամերգից առաջ ձայնասկավառակ թողարկել: Լայանայի վերջին տեսահոլովակը` «Ո՞ւր է իմ տղամարդը», լայն արձագանք է ստացել երկրպագուների շրջանում: Երգչուհուն, սակայն, նյարդայնացնում են սխալ քննադատությունները. «Եթե երգի մեջ լինում են ելևէջներ, օրինակ, բուլղարական կամ սերբական, չի կարելի ասել, որ դրանք թուրքական մոտիվներով են, այն դեպքում, երբ տվյալ երգչուհին կրթություն է ստացել և շարունակում է կրթություն ստանալ երգչախմբում»: Ըստ Լայանայի՝ այն երգիչ-երգչուհիները, ովքեր Հայաստանը ներկայացնում են միջազգային մրցույթներում, ճիշտ կլինի, որպեսզի ներկայանան Սայաթ-Նովայի կամ Կոմիտասի երգերով: Հայաստանյան և Սփյուռքի հանդիսատեսի մասին Լայանան տարբեր կարծիքներ ունի. «Այստեղ ամեն մարդ, չգիտես ինչու, իրեն դնում է դիզայների տեղ և փորձում է փոխել երգչին: Սփյուռքի հանդիսատեսը շատ է տարբերվում այստեղի հանդիսատեսից, մարդիկ արտասահմանում գալիս և վայելում են ամեն րոպեն, իսկ այստեղ մարդիկ գալիս և սկսում են քննադատորեն նայել երգչի աշխատանքին»: