«Մենք որևէ խոշոր քաղաքում թեկնածու չենք ունենալու»

Պատասխանելով 168.am-ի հետ հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Աբովյանում քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց. «Ոչ, Աբովյանում թեկնածու չենք ունենալու: Այսինքն` ՏԻՄ ընտրություններին մենք որևէ խոշոր քաղաքում քաղաքապետի թեկնածու չենք ունենալու»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում Կոնգրեսն Աբովյան քաղաքում որևէ մեկի թեկնածությունը սատարելո՞ւ է, Զուրաբյանը պատասխանեց. «Դեռևս որևէ որոշում չկա: Մասնակցելու ենք հիմնականում ավագանու ընտրություններին»:

Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Աբովյանում առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: Վերջինս նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է ու Կոնգրեսի դիրքորոշումը հետաքրքիր է հատկապես ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ջերմացման համատեքստում:

Լ. Զուրաբյանից նաև հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ-ը Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելո՞ւ է և ինչպիսի՞ վերաբերմունք ունի այնտեղ ավագանու տեղերի համար ընթացող թեժ պայքարի մասին, որն, ըստ որոշ վկայությունների՝ ընթանում է տարբեր «թաղային հեղինակությունների, օբյեկտատերերի և խանութպանների միջև»: Ի պատասխան, Լ.Զուրաբյանն ասաց. «Այո, իհարկե: Եվ ոչ միայն Գյումրիում, այլ շատ տեղերում: Գիտենք, որ շատ անօրինական միջավայրում են ընտրություններն անցնում, բայց, հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք նախաձեռնությունը թողել են ՀԱԿ-ի տեղական կառույցների վրա, և տեղական կառույցներում կան մարդիկ, ովքեր, անգամ այս աղավաղված և աղճատված միջավայրում ինչ-որ շանսեր տեսնում են ավագանու ընտրություններում հաղթելու: Մենք համարում են, որ ՏԻՄ ընտրություններն ամենախոցելին են` ընտրակեղծարարության, կաշառքի, վարչական ճնշումների առումով, այդ պատճառով քաղաքապետերի մակարդակով շատ քիչ հավանական է, որ մասնակցենք»:

 


Տեսանյութեր

Լրահոս