Մեկնարկել է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը
ՀՀ գիտության և կրթության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է 5-րդ Համահայկական կրթական խորհրդաժողովը, որին այս տարի մասնակցում են 150 գործիչներ 25 երկրներից։
Խորհրդաժողովի մեկնարկը տրվել է Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ-ն պարտք ու պարտականություններ ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև Սփյուռքում բնակվող հայերի նկատմամբ:
Հայապահպանության խնդիրները դադարել են լինել միայն սփյուռքի մտահոգության խնդիրը: Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը և կրթական կենտրոնների հետ համագործակցությունն այլ ձևերով: Հայոց լեզվի և հայության պահպանության դարավոր երթը շարունակվում է ձեր շնորհիվ: Վստա՛հ եղեք, որ, ի դեմս հայոց պետականության, դուք ունեք հուսալի թիկունք»:
Խորհրդաժողովը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, որի քննարկման նյութ են դառնալու 2010 թ-ի 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնախնդիրները, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները, ինչպես նաև Սփյուռքում ազգային–կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Առաջին անգամ խորհրդաժողովն անցկացվել է 2004թ-ին: Այն անցկացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ: