
Երևանի քաղաքապետը հետևում է բակերի բարեկարգման ընթացքին

Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:
Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ: Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը եւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով էին կահավորվել նաեւ Քուչակ եւ Չարենց թաղամասերի բակային տարածքները: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, ինչպես նաեւ իրականացվել կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ:
Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետեւել էր նաեւ այս բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակերի հանդիսավոր բացմանը:
Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բակերի բարեկարգման համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես շատ կարեւոր է: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին կոչ է արել մասնակից դառնալ մայրաքաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին եւ խնամքով վերաբերել, պահպանել այն ամենը, ինչն արվում է սիրով ու ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:
Քաղաքապետը շրջել է բակերում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: «Այս ծրագիրը կլինի շարունակական ու մի քանի տարվա ընթացքում Երեւանի բոլոր բակերը կլինեն բարեկարգ եւ հարմարավետ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: