
Եմենի նախկին նախագահի կողմնակիցները խռովություն են բարձրացրել

Եմենի բանակի հարյուրավոր զինծառայողներ՝ փետրվարին հրաժարական տված նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի համախոհները, լքել են երկրի հարավում իրենց դիրքերը: Նման ձևով նրանք իրենց բողոքն են հայտնել զինված ուժերի կառուցվածքը փոխելու՝ գործող նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի որոշման դեմ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես»-ը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներին:
Զինվորականներին վրդովել էր Սալեհի որդու՝ Ահմադի գլխավորությամբ գործող Հանրապետական գվարդիայի երկրորդ բրիգադի հանձնումը «Հարավ» ռազմական շրջանին: Նրանց կարծիքով՝ նախագահը ցանկանում է կրճատել Ահմադ Սալեհի հրամանատարության տակ գտնվող զինվորականների թիվը:
Զինվորականները և կրտսեր սպաները երեքշաբթի սկսել են զենքերով լքել Լոդեր քաղաքի մոտ իրենց դիրքերը, որոնք տեղակայված էին իսլամիստներին դիմակայելու համար: Խռովարար զինվորականների մեծամասնությունը պատկանում է Սալեհին աջակցող ցեղերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաման է ստորագրել, որով նախկին նախագահի որդու՝ Ահմադ Սալեհի վրայից հանվում է 7-րդ հանրապեական գվարդիայի ջոկատների հրամանատարությունը: