
Գյուղացին կարտոֆիլի իրացման խնդիր ունի

Շիրակի մարզում բերքի իրացման խնդիր է առաջացել: Թեև մարզը կարտոֆիլի բարձր բերքատվություն ունի, սակայն իրացման խնդիրը դեռևս անլուծելի է: Շիրակի մարզի Ազատանի համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ բերքի իրացման խնդիրը գալիս է Արարատյան դաշտավայրից: «Արարատյան դաշտավայրն ամեն տարի այս ժամանակ արդեն իրացրած էր լինում իր կարտոֆիլի բերքը, բայց այսօր Արարատյան դաշտավայրում բերքի իրացման լուրջ խնդիր կա»,- նշեց համայնքապետը: Համայնքապետի խոսքով, գարնան սկզբին Արարատյան դաշտավայրի գյուղացիները Շիրակի դաշտավայրի ֆերմերային տնտեսություններից վաղահաս կարտոֆիլի սերմացու են տարել, որը շահույթ չի ապահովել: Գյուղացիները հազիվ կարողացել են իրենց կատարած ցանքի ինքնարժեքը փակել: «Ներկայիս շուկայական գները սահմանում է Արարատյան դաշտավայրը, քանի որ այդ դաշտավայրի գյուղացիները դեռ չեն իրացրել իրենց բերքը, ուստի, թե՛ իրենց մարզում, և թե՛ մեզ մոտ, բերքի իրացման խնդիր է առաջացել»: Մեր այն հարցին, թե այս պահի դրությամբ կարտոֆիլի մեծածախ վաճառքն ի՞նչ արժե, համայնքապետը պատասխանեց. «Կարտոֆիլի մեծածախ իրացման գինն այս պահին 60-70 դրամ է: Դա շատ ցածր գին է: Այս պարագայում գյուղացին հաստատ խնդիր կունենա հաջորդ տարի իր ցանքատարածություններն ընդլայնելու կամ գյուղատնտեսական տարին նորմալ սկսելու հարցում»: