Ասադը կարող է ալևիական ինքնավարություն ստեղծել. Հորդանանի թագավոր
Սիրիայում ճգնաժամի կարգավորման տապալումը կհանգեցնի աղետի ամբողջ Մերձավոր Արևելքում: Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը՝ նշելով, որ Դամասկոսում իշխող վարչակարգը մինչև վերջ չի հրաժարվի ուժից:
«Մեզ բոլորիս համար դա կլինի ամենավատ սցենարը, քանի որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի երկար տարիներ»,- հայտարարել է միապետը:
Հորդանանի թագավորը մտավախություն է հայտնել, որ քարտեզի վրա կարող է հայտնվել «ալևիական ինքնավարություն»: «Ես մտավախություն ունեմ, որ եթե նախագահ Բաշար Ասադը, որը պատկանում է ալևիների համայնքին, չկարողանա իշխանությունը պահել ամբողջ Սիրիայի վրա, ապա նա կարող է գնալ այդպիսի քայլի: Հնարավոր է՝ նրա համար դա պլան Բ է»,- հայտարարել է Աբդալլահ 2-րդը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Թագավորը կարծում է, որ Դամասկոսում իշխող վարչակարգը «մինչև վերջ ուժ կկիրառի իշխանությունը պահելու համար»: «Հնարավոր է, դա Բաշարի անձնական ընտրությունը չէ, բայց նա հանդիսանում է կառավարման համակարգի մի մասը»,- մեկնաբանել է Աբդալլահը:
Հորդանանի միապետը մտավախություններ ունի նաև կապված Սիրիայի քիմիական զենքի հետ, որը անարխիայի և երկպառակության հաստատման դեպքում «կարող է հայտնվել վատ ձեռքերում»: Աբդալլահ 2-րդն ակնարկել է, որ իրեն չի զարմացնում դեպի Հորդանան փախստականների հոսքը: Նրա խոսքերով՝ հարևան երկրների ժողովուրդները կապված են իրար հետ ամուր եղբայրական կապերով: