Բաժիններ՝

Քաղաքացիները հրավառություն անելու իրավունք կունենան միայն Ամանորին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների կողմից:

Այսպիսով՝ Հայաստանում գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումն այսուհետ կունենա սահմանված բացառություններ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ որոշման նախագծի նպատակն է գիշերային ժամերին, մասնավորպես` 23:00-01:00-ի սահմաններում, հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Ամանորին` նաև քաղաքացիներին:

Նախագծի ընդունմամբ` պետական մարմինների և քաղաքացիների համար կսահմանվեն թույլատրելի բացառություններ` գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` գիշերային ժամերին` ժամը 23:00-ից մինչեւ 7:00-ը, լռության խախտումը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) խախտում են գիշերային անդորրը:

Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս