
Գյուլը վավերացրեց Թուրքիայում անշարժ գույքի գնման իրավունքի օրենքը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է օտարազգիներին անշարժ գույքի գնման իրավունք ընձեռող օրենքը: Ըստ դրա՝ 183 երկրների քաղաքացիներ իրավունք կստանան առանց նախապայմանների անշարժ գույք գնել Թուրքիայում:
Այդ երկրների թվում են հայտնվել ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հարավային Կորեան, Մոնակոն, Ադրբեջանը, ինչպես նաև արաբական երկրները: Այդպիսի իրավունքից զրկվել են Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները սառեցված են, հաղորդում է Todayszaman-ը:
Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի և Բուլղարիայի համար սահմանափակումներ են մտցվել ծովափնյա և սահմանամերձ շրջաններում անշարժ գույք գնելիս:
Ավելի վաղ նշվում էր, թե օտարազգիներին թույլատրվում է վաճառել յուրաքանչյուր նահանգի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին: Իսկ ռազմական օբյեկտների մերձակայքում ընկած տարածքների վաճառքը կարող է կատարվել միայն գլխավոր շտաբի թույլտվության դեպքում: