«Հարսնաքարի» գործը փորձում են կոծկե՞լ
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկների և ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր:
«Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:
Սա վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանություններն ու իրավապահները զբաղված են քրեական գործի կոծկմամբ:
Այսօր ժամը 17:30 Ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա զանգվածային բողոքի ակցիա` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մեկամսյա ժամկետ տրամադրելու պահանջով:
Միայն այդ պարագայում հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը», գրված է հաղորդագրության մեջ: