Իրանն իր միջնորդությունն է առաջարկում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության բանակցություններում: Այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի ղեկավարի հոդվածում, որը տեղադրված է Washington Post ամերիկյան թերթի կայքում:
«Ես հայտարարում եմ սիրիական կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություններին աջակցելու մեր պատրաստակամության մասին», – ասվում է հոդվածում: Նախարարը նշել է, որ վերջին տասնամյակներին Իրանը «կայունացնող դեր» է խաղացել Իրաքում եւ Աֆղանստանում:
Սալեհին նաեւ երկրներին կոչ է արել բանակցություններ վարել Իսլամական Հանրապետությունում:
Ըստ ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարի` սիրիական հասարակությունը «ազգերի, կրոնների եւ մշակույթների հիանալի խճանկար է, եւ այն կմասնատվի, եթե նախագահ Բաշար Ասադը հանկարծ տապալվի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ այս շաբաթ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 9-ին մի շարք երկրների ներկայացուցիչներ Թեհրանում սիրիական հարցով խորհրդակցություն կանցկացնեն:
Օգոստոսի 8-ին Սիրիա կատարած այցի ժամանակ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել էր, որ իր երկիրը չի հրաժարվի Սիրիայի հետ միությունից ահաբեկչության դեմ պայքարում եւ թույլ չի տա այդ երկրի քայքայումը: