Բաժիններ՝

13-ամյա պատանուն ամուսնացրել են 49-ամյա կնոջ հետ

Ադրբեջանում գնալով աճում են անչափահասների միջևամուսնությունների թիվը:

«Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական azxeber.com լրատվական կայքը, գրում է, որ եթե նախկինում Ադրբեջանում տարածված էր անչափահաս աղջիկների` մեծ տարիքի տղամարդկանց հետ ամուսնություններն, ապա այժմ նկատվում է նաև հակառակ միտումը: Կայքը հայտնում է, որ Ադրբեջանի Լերիքի շրջանի Վիստան գյուղում 13-ամյա պատանուն ամուսնացրել են 49-ամյա կնոջ հետ` նշելով, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ամուսնությունից այդ «ընտանիքում» դեռևս երեխա չի ծնվել:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած ժողովրդագրական ցուցանիշներում կան տվյալներ պատանիների` ժամանակից շուտ ամուսնությունների մասին: Կոմիտեի տվյալներով` միայն 2008 թվականին Ադրբեջանում ամուսնացրել են 18-ից ցածր 35 տղաների: Նրանցից 25-ն ամուսնացել են տարիքով մեծ կանանց հետ: Նրանցից միայն տասն են ամուսնացել 14, 15, 16 տարեկան աղջիկների հետ:

Կայքը հայտնել է նաև, որ Թովուզի գյուղերից մեկում առաջիկա օրերին պետք է տեղի ունենա 15-ամյա պատանու և 13-ամյա աղջնակի ամուսնության արարողությունը: Նշվում է, որ իբր, ծնողները համաձայնել են այդ ամուսնությանը, քանի որ 10-րդ դասարանցի «փեսան» փախցրել է 8-րդ դասարանցի «հարսին»: «Միանշանակ է, որ պետական կառույցը գրանցել է նման դեպքերի միայն չնչին մասը: Տղաների` ժամանակից շուտ ամուսնությունների վերաբերյալ փաստերը, անխոս, նշվածից շատ ավելի շատ են»,- գրում է ադրբեջանական կայքը:

Ադրբեջանում գործող օրենսդրության համաձայն` տղաներն ու աղջիկները  կարող են ամուսնանալ միայն 18 տարին լրանալուց հետո, իսկ բացառիկ դեպքերում` նաև 17 տարեկանում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները համարում են, որ անչափահասների ամուսնությունը մարդու իրավունքների խախտում է, և որ նման ամուսնությունները սեռական շահագործման ձև է: Նրանց կարծիքով` վաղ տարիքում ընտանիք կազմած անչափահասները կտրվում են իրենց ընտանիքից և ընկերներից, կորցնում իրենց անկախությունը, դուրս մնում հասարակական կյանքին մասնակցությունից, սահմանափակվում են նաև նրանց ուսում ստանալու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս