«Առավոտից մինչ երեկո աղջիկները նախապատրաստվում են մրցույթին»

«Մանկական Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը կներկայացնի ոչ թե մեկ, այլ երկու մասնակից, և ոչ թե դուետով, այլ անհատ կատարմամբ:

Նախընտրական փուլում Հայաստանի ներկայացուցիչների շատ լավ ելույթներն էին «ստիպել» ժյուրիին` ընտրելու մեր երկրի միանգամից երկու մասնակցի:

Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը կկատարի Listen եւ «Կարոտ», իսկ Արինա Մալխասյանը` «Լուսնյակ գիշեր» եւ Chocolade երգերը: Մրցույթը կկայանա օգոստոսի 15-17-ին:

«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Հայաստանի մասնակիցների պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն ասել է, թե առավոտից մինչ երեկո աղջիկները նախապատրաստվում են մրցույթին, որն անցկացվելու է Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում:

«Մանկական Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր 12-ամյա Լիդուշիկը` արժանանալով իտալական «Ռաունա» հեռուստաընկերության հատուկ մրցանակին:

Օգոստոսի 10-ին տեղի կունենա վիճակահանություն, որի ընթացքում պարզ կդառնան այն համարները, որոնց ներքո աղջիկները ելույթ կունենան: Մրցույթին մասնակցելու է 16 ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս