Թուրքիայի փոխվարչապետ. 1915-ը նաև մեր ողբերգությունն է

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է «Ակօս»-ը:

Իր ելույթում փոխվարչապետը նշել է, որ «Աստծո կամքով իրենք ևս առնվազն 10 տարի իշխանության են լինելու»:

Դիմելով հավաքված փոքրամասնությունների ներկայացուցիչներին` Առընչն ասել է. «Թուրքիան խառնել փորձողներ, մեր բարեկամությանը վնաս հասցնել ուզողներ, համայնքների միջև պառակտում մտցնողներ շատ կլինեն: Սակայն թե մենք, թե դուք պետք է արթուն լինենք»:

Նա նշել է, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով համայնքների բազմաթիվ անդամներ լքել են Թուրքիան, սակայն իրենք կցանկանային, որ բոլորը վերադառնան:

Բյուլենթ Առընչը դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին, անդրադարձել է նաև 1915 թ-ի իրադարձություններին:

«Շատ դժվար օրեր են եղել: Օսմանյան կայսրության անկումը, տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` Տրապիզոնում, Մալաթիայում… մինչև Ստամբուլում Հրանտ Դինքի սպանությունը: Դրանք անցյալում տեղի ունեցած ողբերգություններ են, որոնց թիվն աստիճանաբար նվազում է»,- ասել է նա:

Նա հայտարարել է, թե 1915 թ-ի իրադարձությունները ոմանք փորձում են այլ կերպ կներկայացնեն: «Բայց իրականությունն այն է, որ դա նաև մեր ողբերգությունն է: Նրանց մեջ հայեր և թուրքեր կային»,- ասել է փոխվարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս