Վրաստանն ու Մոլդովան միացան Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր ողջունել է մի շարք երկրների, այդ թվում՝ Սերբիայի, Վրաստանի, Մոլդովայի որոշումը՝ միանալ Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ ԵՄ անդամ  27 երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 23-ին ընդունել էին Սիրիային զենքի մատակարարման բեռնարգելքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու որոշումը: Ըստ նոր պալմանավորվածությունների՝ ԵՄ-ն ստուգման կենթարկի այն բոլոր նավերն ու օդանավերը, որոնք կկասկածվեն Սիրիային զինամթերք կամ ռազմական այլ սարքավորանք առաքելու մեջ: Այժմ նման ստուգում պարտավոր է կատարել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր: Միաժամանակ ընդլայնվել է սիրիացի այն անձանց քանակը, որոնց մուտքը Եվրամիություն արգելված է, և որոնց հաշիվները եվրոպական բանկերում սառեցված են: Այսպիսով այսօրվա դրությամբ այդ արգելքը տարածվում է Սիրիայի 52 ընկերությունների և 155 քաղաքացիների վրա:

Պատժամիջոցներին հավանություն են տվել Խորվաթիան, Մակեդոնիան, Չերնոգորիան, Իսլանդիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, ինչպես նաև արդեն Վրաստանն ու Մոլդովան:

«Եվրոպական միությունը ողջունում է ԵՄ անդամ չհանդիսացող այդ երկրների միանալը պատժամիջոցներին», ասված է Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ, ոըը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:

Տեսանյութեր

Լրահոս