Ռուսաստանը «Կովկաս 2012» զորավարժությունները վտանգ չի համարում հարևանների համար

Այս աշնանը՝ սեպտեմբերի 17-23-ը, Ռուսաստանն իրականացնելու է «Կովկաս 2012» զորավարժությունները, որին մասնակցելու է մոտ 8000 զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը:

Վերջինիս խոսքերով՝ այդ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում այլ երկրների համար. «Զորավարժությունները չեն լինելու խոշորամասշտաբ: Դրանց մասնակցելու է մինչև 8000 մարդ, մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, մոտ 100 միավոր հրետանի, տասնյակ ռազմանավեր ու մոտորանավակներ: Զորավարժությունների ժամանակ ավիացիան կատարելու է մոտ 80 մարտական թռիչք:

Այդ զորավարժությունների ուղղվածությունը սպառնալիք չի ենթադրում այլ երկրներին ու ռազմաքաղաքական բլոկներին: Մեր մի շարք հարևանների հետ փոխհարաբերություններում հավելյալ լարվածություն չառաջացնելու համար զորավարժությունների մասնակիցների թվում բացակայում են Հայաստանում, Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմաբազաների ստորաբաժանումները:

Զորավարժությունների մասնակիցների թվում չկան նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Բացի այդ, «Կովկաս 2012» զորավարժություններն անցկացվելու են միայն Ռուսաստանի տարածքում: Մենք չենք հրավիրել օտար դիտորդների, սակայն չենք խոչընդոտի նրանց մասնակցությունը այդ միջոցառմանը», գեներալի խոսքերն է մեջբերում Новости-Грузия-ն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանում պատահական չէին համարել, որ Ռուսաստանը «Կովկաս 2012» զորավարժություններն անցկացնելու է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Տեսանյութեր

Լրահոս