Հայաստանի նախագահը Մոսկվայում այսօր կհանդիպի իր ռուս պաշտոնակցին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց կկատարի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։
Վկայակոչելով Կրեմլի պաշտոնական հայտարարությունը՝ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ «զրույցի ընթացքում առաջնորդները կքննարկեն քաղաքականության, հումանիտար և առևտրային-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը»:

Դրանից բացի՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ դիտարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության խնդիրները՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, մասնավորապես՝ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաները, այդ թվում՝ իրավիճակն Անդրկովկասում:

Միաժամանակ՝ «ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրներ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրները,  իրավիճակն Անդրկովկասում, ԱՊՀ տարածքում, ինչպես նաև՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը խորացնելը: Ռուսական գործակալությունը վկայակոչում է Կրեմլի մամուլի ծառայությանը, ով նշում է, որ 2012-ին երկու նշանակալի տարեդարձ կա` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» ռուս-հայկական միջպետական պայմանագրի կնքման 15-ամյակը:

Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերներից մեկը. 2012-ի հունվար-մայիսին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կուտակային ծավալը գերազանցել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 434,8 մլն ԱՄՆ դոլար:

 

Տեսանյութեր

Լրահոս