Բաժիններ՝

Կապի խափանում՝ ակցիայի շրջանակներում

«Երբ Beeline Armenia-ի «բաժանորդների մի մասի» մոտ կապ չկա, ես միշտ հենց էդ մասում եմ: Իսկ ինչ-որ մեկը «մյուս» մասում եղել ա՞»: Այս մեկնաբանությունը «ԱրմենՏելի» ֆեյսբուքյան էջում թողել են ArmComedy նախագծի տղաները։

Պատճառն այն է, որ երեկ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդները կրկին մի քանի ժամով զրկվել էին կապից՝ տեխնիկական խափանումների պատճառով։

Դա այնքան է վրդովեցրել բաժանորդներին, որ նրանք բաց նամակ են հղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որում մասնավորապես, նշվում է. «Հարգելի պարոն Նազարյան բջջային կապի ծառայություններ մատուցող «Արմենտել» ընկերությունը (ԲԻԼԱՅՆ ապրանքանիշ) վերջին ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ տևական ժամանակով զրկում է իր բաժանորդներին բջջային կապից և չի տրամադրում անհրաժեշտ ու համարժեք փոխհատուցում: Կապի վերջին խափանումը գրանցվել է այսօր 07:08 ին ժամը 18:00 ի սահմաններում և մինչև այս պահը` 24:00 այն վերականգնված չէ: Որպես պատկան մարմին, խնդրում ենք միջնորդել, որպեսզի վերոնշյալ ընկերությունը կամ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կամ` կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում և տրամադրի համարժեք փոխհատուցում»:

Բաժանորդներն իրենց դժգոհությունը արտահայտել են նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Հետաքրքիրն այն է, որ «Արմենտելն» այս օրերին անցկացնում է լուսանկարների մրցույթ և երեկ ամփոփել էր արդյունքները։ Սակայն մեկնաբանությունները մրցույթի թեմայից սահուն անցում են կատարել բողոքներին և դիտողություններին։ Օգտատերերից մեկն, օրինակ, գրել է. « Չեմ հասկանում տժժում եք ժողովրդի վրա…ինչ ա նշանակում՝ կապ չկա, սենց ակցիաների մասին գրել…գիժ եեեք»։ Մյուսն էլ ընդհանրապես առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ ապրանքանիշի ներկայությունը Հայաստանում թույլատրելու հարցով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս