«Մինչև 2016 թվականը Հայաստանը վերելքի մեջ է լինելու»

Ասում է Էլյա Հովհաննիսյանը

Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը 62 տարի շարունակ ուսումնասիրել է աստղաբանության հետ կապված գիտությունները, որոնք իր համար բացել են տիեզերքի գաղտնիքները: Նա ճակատագրի ծածկագրերը բացահայտող յոթ աշխատությունների՝ «Սեր և ամուսնություն», «Հանուն առողջության», «Գաղտնիքը գաղտնիքների», «Ի±նչ անել», «Ճանաչիր ճակատագիրդ», «Շտկիր ճակատագիրդ», «Գնանք դեպի լույսը» և «Հոգու առողջություն», հեղինակ է:

– Տիկին Հովհաննիսյան, ինչպիսի՞ գիտություն է աստղաբանությունը:

– 2002 թվականին աշխարհի բոլոր գիտնականները միասին եկան ընդհանուր եզրակացության և աստղաբանությունը հայտարարեցին ճշգրիտ գիտություն:

Տիեզերական գիտության հիմքն, ըստ իս, մաթեմատիկան, ֆիզիկան և կենսաբանությունն են: Մնացածը դրանց հետ են կապված: Այդ գիտելիքներն այժմ մետաֆիզիկական (մետաֆիզիկա` նշանակում է՝ իմանալ տիեզերքի բոլոր գաղտնիքները) անվանումով են հանդես գալիս:

– Կմատնանշե՞ք մինչ օրս գիտության բնագավառում Ձեր ունեցած ձեռքբերումներն ու նվաճումները:

– 50 տարի զբաղվել եմ տեսական ուսումնասիրություններով, իսկ վերջին 12 տարին` պրակտիկայով: Ամենակարևորը` ես արդեն հաշվել եմ 60-70.000 մարդու ճակատագիր, ինչը եղել է տեսական աշխատանքիս գործնական ապացույցը: Իմ գրքերով ներկայացրել եմ աշխատանքներս ամբողջությամբ, իսկ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացրել եմ այդ գիտելիքներից որոշ հատվածներ:

Այսօրվա դրությամբ ես բացահայտել եմ գաղտնիքների ճնշող մեծամասնությունը: Բայց կան բաներ, որոնք չի կարելի ասել, որովհետև դրանք կարող են չարը դնել կիրառության մեջ:

– Ո՞րն է գիտության գլխավոր դերը:

– Տորոսյան (հայերեն` ոլորուն) դաշտերի գյուտով ապացուցվեց Աստծո գոյությունն ու ամեն ինչ նրա մասին: Հաստատվեց Աստծո գոյությունը: Գիտության յուրաքանչյուր ճյուղ իր ուղղությամբ զարգանում է: Տիեզերքի հետ կապված բոլոր գիտությունները հայտնի են մարդկությանը: Ուղղակի շատ-շատերը թաքցնում են շահադիտական նկատառումով, կեղծ պատճառաբանությամբ, որ, իբր, ճակատագիրը փոխել չի կարելի: Բայց յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ ինքը կարող է փոխել իր ճակատագիրը, երբ իմանա սեփական թերությունները կամ առավելությունները, որոնք նախապես առկա են և որոնք հնարավոր չէ փոխել, բայց հնարավոր է նվազագույնի հասցնել կամ զարգացնել:

– Հայաստանում որքանո՞վ է զարգացած այս գիտությունը:

– 10 տարի առաջ ամենացածր մակարդակում էր: Իսկ հիմա, երբ արդեն շարունակաբար լույս են տեսնում իմ գրքերը և մեծ տարածում են ստանում, նշանակում է, որ կա ընթերցող, և զարգացումը շարունակվում է:

– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գիտնականներին:

– Գիտությամբ զբաղվող մարդկանցից յուրաքանչյուրը սովորաբար վերցնում է մեկ ճյուղ և խորանում: Հազվադեպ է պատահում, երբ գիտնականը հետաքրքրվում է մյուս գիտություններով: Իսկ եթե ոմանք դա անեն, ապա նրանք կհայտնաբերեն տիեզերքի գաղտնիքները (դրանք վերաբերում են բոլոր գիտություններին), և յուրաքանչյուրը դրանցում կգտնի իր գիտությանն անհրաժեշտ գաղտնիքները:

– Ըստ Ձեր գիտական հաշվարկների՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին մոտ ապագայում:

– Մինչև 2016 թվականը Հայաստանը վերելքի մեջ է լինելու, և մինչև 2022 թվականը աշխարհում ինչ աղետ ասես կարող է պատահել, բայց մեզ չի վերաբերի:

– Հայաստանում գիտության, հատկապես` տիեզերական գիտության զարգացման ի՞նչ հեռանկարներ է բացահայտում Ձեր գիտությունը:

– Իմ տեսակետով`տիեզերագիտությունը պետք է դառնա աշխարհի հոգևորի ուսուցիչը: Իսկ հայ մարդը պետք է դառնա հոգևորի ուսուցիչ ոչ միայն Հայաստանում: Ես իմ 7-րդ գրքում հայտարարել եմ Աստծո գոյությունը` նշելով Աստծո գոյությունը փաստող գիտնականների անունները:

 

Տեսանյութեր

Լրահոս