Ինչո՞ւ է լռում Տիգրան Սարգսյանը

Օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդհատելու է իր արձակուրդը և մեկնելու է Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու նպատակով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ այցը պայմանավորված է Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ վերջին շրջանում ակտիվացած քննարկումներով: Մասնավորապես, Պուտինը ցանկանում է հստակեցնել, ավելի ճիշտ` ստանալ Հայաստանի դրական պատասխանը:
Եվ ահա այսօր՝ Սերժ Սարգսյանի այցից ընդամենը երկու օր առաջ, մեծ մասամբ երիտհանրապետականներից կազմված Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը՝ մի խումբ այլ նմանատիպ երիտասարդների հետ, մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ ԵՊՀ-ն և մի շարք կառույցներ ստեղծել են «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակություն» հայկական շարժումը, որի նպատակն է`աջակցել համագործակցության խնդիրների քննարկմանը, հեռանկարային ու ռազմավարական ծրագրերի մշակմանը։ Այսինքն` Հայաստանի իշխանությունները մի կողմից՝ ցանկանում են դիմադրել Եվրասիական միությանն անդամակցությանը, մյուս կողմից` «երիտասարդության անունից» նման անհեթեթ շարժում են նախաձեռնում, որն իր էությամբ գրեթե չի տարբերվում Անդրանիկ Նիկողոսյանի ստեղծած «Պուտին» տխրահռչակ ակումբից:
Իսկ գուցե Եվրասիական միությանը երիտհանրապետականների աջակցությունն իշխանությունները կազմակերպել են ռուսական իշխանությունների հետ բանակցություններում մանևրելու նպատակո՞վ:

Այսինքն`ցանկանում են ցույց տալ, որ այդքան էլ դեմ չենք Եվրասիական միությանը, նույնիսկ կիսապետական մակարդակով դրան աջակցող շարժում ենք ստեղծում: Հնարավոր է: Գուցե իշխանությունները մտածում են՝ այսպիսով ժամանակ շահել: Ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի համար լավագույն տարբերակը կլինի Եվրասիական միությանն անդամակցելու հարցով պատասխան տալու ժամկետը մի քանի ամսով`մինչև Հայաստանի նախագահական ընտրությունները, հետաձգելը, որպեսզի դա չազդի նախընտրական գործընթացների վրա: Հնարավոր է: Բայց պետք է արձանագրել, որ եթե անգամ նպատակը դա է, ապա ընտրվել է շատ անհաջող տարբերակ: Սակայն պետք չէ բացառել նաև, որ իշխանությունները նահանջում են Եվրասիական միությանն անդամակցելու հարցում և «երիտասարդական շարժման» միջոցով փորձում են արդեն Արևմուտքին ցույց տալ, որ մեր հասարակությունն է տենչում դեպի պուտինյան միություն:

Եթե դա այդպես է, ուրեմն առաջիկայում պետք չէ բացառել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Բանն այն է, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ սույն երիտասարդը, համատեղության կարգով, նաև վարչապետին առընթեր Ազգային-երիտասարդական խորհրդի անդամ է: Իսկ Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, առայժմ միակ բարձրաստիճան պաշտոնյան է, ով ըստ էության դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանն այդ միությանը: Իհարկե, այս դեպքում ևս կարող են մի քանի վարկածներ լինել: Դրանցից մեկն այն է, որ գուցե Տ. Սարգսյանն ինքն է նախաձեռնել այս շարժումը՝ Հայաստանի նկատմամբ այս հարցում աճող ճնշման հետևանքով «զոհի» կարգավիճակում չհայտնվելու համար: Այսինքն` բացառված չէ, որ, այսպիսով, Տ. Սարգսյանն ինքն է ռուսներին ցույց տալիս, որ այդքան էլ դեմ չէ Եվրասիական միությանը:

Եթե դա այդպես է, ուրեմն առաջիկայում ականատես ենք լինելու Տիգրան Սարգսյանի «անսկզբունքայնության շքահանդեսին», քանի որ ինչ-որ պահից սկսած՝ նա ստիպված է լինելու նույնպիսի եռանդով հիմնավորել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը: Մյուս տարբերակն այն է, որ այս շարժումը նախաձեռնվել է առանց Տիգրան Սարգսյանի իմացության` ցույց տալու համար, որ վարչապետն այդ հարցում արտահայտել է ոչ թե պետության, այլ իր անձնական տեսակետը, և անհրաժեշտության դեպքում նա կարող է պաշտոնանկ արվել:

Այսպիսով նաև ցույց է տրվում, որ Տիգրան Սարգսյանն իրավիճակին չի տիրապետում՝ անգամ իրեն ենթակա երիտասարդների մակարդակում: Բոլոր դեպքերում, Տիգրան Սարգսյանը պարտավոր է արտահայտել այս հարցում իր դիրքորոշումը: Թեև բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը նրան հանձնարարել է առժամանակ չխոսել արտաքին քաղաքական թեմաներով և զբաղվել, օրինակ, գյուղատնտեսությամբ: Գուցե դրա համար էլ այս օրերին հեռուստաեթերը ողողված է Տիգրան Սարգսյանի` «արտեր կատարած այցերի մասին» ռեպորտաժներով:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս