Վերաբացվել է Գյումրիի հիմնանորոգված «Երեխաների տունը»

Այսօր` օգոստոսի 6-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը:  Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Միջոցները հավաքագրվել են Հիմնադրամի բարերարներ Համո և Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից և համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011-ի արդյունքում հավաքագրված գումարից:

Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը` ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:

Բացմանը ներկա են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, ինչպես նաև բարերարներ տեր և տիկին Գրիգորյաններն իրենց զավակների հետ: Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին և մինչև 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 և 1993թթ.-ին կառուցվել է ևս երկու մասնաշենք: Մանկատանը խնամք է ստանում մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխա, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական շեղումներ: 6 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում` Խարբերդի մասնագիտացված և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ: Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր և ֆիզիկական վիճակը, ինչպես նաև նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու և ուսանելու Երևանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, բարելավված առողջական վիճակ ունեցող երեխաները ծնողների ցանկությամբ կարող են վերադառնալ ընտանիք:

 

Տեսանյութեր

Լրահոս