Բաժիններ՝

Աշտարակում պատվավոր քաղաքացու կոչում են «բաժանում»

168.am խմբագրություն են դիմել մի խումբ աշտարակցիներ` խնդրելով ուսումնասիրել Աշտարակի քաղաքապետի և ավագանու կողմից կայացված որոշումները: Աշտարակի բնակիչների հավաստմամբ` քաղաքապետ Գագիկ Թամազյանը ցանկացած պատրվակ օգտագործում է քաղաքի հողատարածքները յուրացնելու և յուրայիններին «ջրի գնով դրանք բաշխելու» համար: Օրինակ` վերջերս Գ. Թամազյանի նախաձեռնությամբ 10 հոգուց բաղկացած ավագանու անդամները միաձայն քվեարկել և Աշտարակում մի քանի տարի դատավոր աշխատած Լյովա Ավետիսյանին շնորհել են Աշտարակի պատվավոր քաղաքացու կոչում: Աշտարակցիներն ասում են, որ Լ. Ավետիսյանը երբևէ Աշտարակում չի բնակվել, աշտարակցի չէ, պարզապես անկախությունից առաջ Աշտարակի դատարանում աշխատել է՝ որպես դատավոր: Քաղաքացիները տեղեկացնում են, որ Լ. Ավետիսյանը Երևանի բնակիչ է, հետևաբար՝ զավեշտալի է նրան Աշտարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու փաստը: «Այս քայլը շատ պարզ է: Քաղաքապետ Գագիկ Թամազյանը նման զարտուղի ճանապարհներով Լյովա Ավետիսյանին հողատարածք օտարելու մտադրություն ունի: Երևի բոլորին հայտնի է, թե ինչպես է նա շարքային աշտարակցիների հողատարածքները խլում ու վաճառում ուրիշներին: Հիմա արդեն պատվավոր քաղաքացի շնորհելով՝ հողատարածք կօտարի»,- ասում են խմբագրություն զանգահարող աշտարակցիները` խոստանալով առաջիկայում հետաքրքիր փաստեր ներկայացնել այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ Գ. Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայրն է, ում կատարած ապօրինություններն, ըստ աշտարակցիների, կոծկվում են հենց Ա. Թամազյանի հովանավորությամբ: Աշտարակցիներն ասում են, որ Աշտարակի դատախազությունում Գ. Թամազյանն ավելի շատ լիազորություն ունի, քան ինքը` Աշտարակի դատախազը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս