
Իսպանական դատարանը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել չեչեններին ու թուրքին

Իսպանացի դատավորը Ռուսաստանի 2 քաղաքացիների, ըստ ամենայնի՝ ազգությամբ չեչեն, ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանք է առաջադրել. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ երկու անձինք, ովքեր ծագումով Չեչնիայից են, և մեկ թուրք ձերբակալվել էին անցած շաբաթ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով:
Մեղադրյալները դատարանի որոշմամբ կմնան կալանքի տակ մինչև հաջորդ նիստը:
Իսպանիայի պաշտոնատար անձանց խոսքերով՝ այս ձերբակալությունը մաս էր կազմում Ալ- Քաիդա ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային գործողությունների ծրագրի:
Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը նշել է, որ ձերբակալվածները ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել Իսպանիայի կամ եվրոպական մեկ այլ երկրի տարածքում: Նախարարն ասել է, որ հիշյալ ահաբեկիչները ծայրահեղ վտանգավոր են, իսկ նրանցից մեկը նույնիսկ համարվում է Ալ-Քաիդայի միջազգային ցանցի պարագլուխներից մեկը:
Ահաբեկչական խմբավորման անդամ թուրք քաղաքացին կալանքի տակ էր վերցվել դեռևս անցած ուրբաթ, սակայն դատավորը 2 ռուսաստանցիներին կալանելու համար Ոստիկանությունից պահանջել էր 2 օրվա ընթացքում անհերքելի ապացույցներ ներկայացնել:
Իսպանիայի իշխանությունները 2 չեչեններին, որոնց անունները չեն հրապարակվում, համարում են ահաբեկչական խմբավորման անդամներ, մինչդեռ թուրք ահաբեկչին համարում են ավելի շուտ միջնորդ, քան մասնակից ահաբեկչական ծրագրերում: