
Սիրիայի պաշտոնազուրկ վարչապետը ընտանիքի հետ փախել է Հորդանան

Սիրիայի պաշտոնանկ արված վարչապետ Ռիյադ Հիջաբը փախել է Հորդանան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հորդանանի ղեկավար մարմինների աղբյուրները: Ըստ գործակալության՝ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Մինչդեռ BBC-ն ևս հաղորդում է այդ մասին և նշում, որ տեղեկատվությունը տարածել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: BBC-ն նաև նշում է, որ մինչ փախուստը Հիջաբը պաշտոնանկ է արված եղել: Այդ մասին ևս տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Նաև նշվում է, որ արդեն նախկին վարչապետը փախել է իր ընտանիքի հետ միասին:
Իսկ Al-Jazeera-ն ենթադրում է, որ մոտ ժամերին նախկին վարչապետը ելույթ կունենա հայտարարությամբ և կհայտնի ընդդիմությանը միանալու իր որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիջաբին կփոխարինի փոխվարչապետ Օմար Գալավանջին:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո: