
Վարչապետը շնորհավորել է երկաթուղայիններին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի երկաթուղայիններ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի և զարգացման գործում: Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը, մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն է, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում:
Համոզված եմ, որ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը կառավարության աջակցությամբ կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները և կդառնա մրցունակ տրանսպորտային միջոց:
Հարգելի երկաթուղայիններ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և քաջ առողջություն»: