Գեղարքունիքում պայքարում են տուլարեմիայի բռնկումները կանխարգելելու դեմ
Արդեն երկրորդ օրն է՝ ինչ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Այգուտում, Ծովագյուղում և Սեմյոնովկայում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ տուլարեմիա կոչվող հիվանդության հնարավոր բռնկումների դեմ: Տուլարեմիան սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է դաշտամկների և տզերի միջոցով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, այս տարվա առաջին դեպքը գրանցվել է Այգուտ գյուղում: 51-ամյա անասնապահը վերջերս հիվանդացել է իրեն անհասկանալի մի հիվանդությամբ, որի լաբորատոր հետազոտությունն անմիջապես ախտորոշել է տուլարեմիա: Հիվանդը հաստատել է, որ օրեր առաջ դաշտում իրեն տիզ է կծել: Ի դեպ, տզերն էլ հիվանդությունը կրում են վարակված դաշտամկներից: Տուլարեմիայի հարուցիչը կարող է նաև փոխանցվել խմելու ջրի միջոցով:
Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, գյուղապետարանների և տեղի բուժամբուլատորաների համատեղ ուժերով:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը և ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և հանրապետական հակաժանտախտային կայանի ներկայացուցիչները, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել տուլարեմիայի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներին: Հանձնարարվել է հսկողության տակ առնել խմելու ջրատարների գլխամասային կառույցները, վերականգնել և ամրացնել պաշտպանության գոտիները: Կանխարգելման մյուս բաղադրիչը բնակչության շրջանում յոթ տարեկանից բարձր մարդկանց պատվաստումն է, ինչին արդեն ձեռնամուխ են եղել Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծված կանխարգելող խմբերը: Արդեն հաշվառվել են նշյալ երեք գյուղերի բնակիչները, և այս պահին շարունակվում են պատվաստման աշխատանքները: Դաշտերում աշխատող մարդկանց համար ստեղծվել են շարժական բրիգադներ, որոնք պատվաստումները կատարում են անգամ ամենահեռավոր և դժվարամատչելի հանդամասերում: Բնակիչների համար պատրաստվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ, ուր նշված են տուլարեմիայի առաջացման նախանշանները և կանխարգելման միջոցները: Պատվաստումների ավարտը նախատեսված է մինչև եկող երեքշաբթի օրը: Բացի այդ, Սեմյոնովկայի, Այգուտի և Ծովագյուղի վարչական տարածքներում հանրապետական հակաժանտախտային կայանի աշխատակիցներն իրականացնում են կրծողազերծման և միջատազերծման աշխատաներ հատուկ գրավչանյութերի միջոցով: Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ այս պահին նույն կայանի աշխատակիցները կատարում են հետազոտություն` մյուս համայնքները տուլարեմիայի բռնկումներից զերծ պահելու համար:
Տուլարեմիայի բռնկման հիմնական օջախը հանդիսանում է Մայմեխ լեռան շրջակայքը, որն ընկնում է Սեմյոնովկայի և Ծովագյուղի տարածքներում, որտեղ և այժմ տարվում են կրծողազերծման և միջատազերծման աշխատանքները:
Հիվանդության բռնկման 20 դեպք արձանագրվել է 2007 թվականին Ծովագյուղում, որը ժամանակին կանխարգելվել է: Կանխարգելման միջոցառումների վերջին բաղադրիչը մարզի ամենատարբեր մասնագիտությունների տեր բժիշկների համար հատուկ սեմինար դասընթացների կազմակերպումն է, որպեսզի նրանք կարողանան ժամանակին ու անսխալ ճանաչել և ախտորոշել տուլարեմիան: