Սիրիական ընդդիմության մեջ պառակտում կա. The Daily Telegraph

«Մահմեդական եղբայրներ» միջազգային կազմակերպության սիրիական մասնաճյուղը սեփական մարտական խմբավորումն է ստեղծել Սիրիայում, որն ընդդիմադիր Սիրիական ազատ բանակից անկախ է գործելու, գրում է The Daily Telegraph-ը` վկայակոչելով հակակառավարական ուժերի հրամանատարներին:

«Զինված մահմեդական եղբայրներ» անվանումը ստացած խմբավորման ղեկավարներից մեկը, ով հայտնի է Աբու Համզա կեղծանվամբ, հայտարարել է, որ կազմակերպությունը համագործակցում է Սիրիական ազգային խորհրդի հետ, որը համարվում է սիրիական ընդդիմության առաջատար քաղաքական կազմակերպությունը:

The Daily Telegraph-ի կարծիքով` իսլամիստների կողմից առանձին զինված խմբավորում ստեղծելը վկայում է սիրիական ընդդիմության շարքերում պառակտման ու դրա հիմնական հովանավորների` Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև տարաձայնությունների մասին:

«Նախագահ Բաշար Ասադի դեմ ապստամբության առաջին օրերին ապստամբները պատրաստ էին միասին պատերազմել Սիրիական ազատ բանակի անվան ներքո ու Սիրիական ազգային խորհուրդը ճանաչել որպես քաղաքական ղեկավար օրգան»,- գրում է թերթը:

Սակայն, ըստ The Daily Telegraph-ի, Սիրիական ազատ բանակը, որի կազմում ընդգրկված են հիմնականում սիրիական բանակի դասալիքները, լեզու չգտավ Սիրիական ազգային խորհրդի հետ, որի ղեկավարությունը կազմված է ներգաղթյալներից:

«Սիրիական ազատ բանակը ստեղծել է սեփական քաղաքական թևը` «Սիրիայի աջակցության խումբ», և այս պառակտումն էլ հանգեցրեց միջազգային հովանավորների բաժանմանը: Այժմ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիական ազատ բանակին, իսկ Քաթարը մերձենում է Սիրիական ազատ խորհրդին ու իսլամիստներին»,- գրում է բրիտանական թերթը:

Տեսանյութեր

Լրահոս