Ռուսաստանը շարունակում է թշնամություն սերմանել Կովկասում. վրացի ընդդիմադիր
«Օգոստոսի 8-ին 4 տարին է լրանում այն պատերազմի սկզբի, որ հանգեցրեց Վրաստանի տարածքների 20 տոկոսի գրավման», The Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում գրում է վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդը: Ցավոք Կովկասում լարվածությունը գնալով աճում է, ինչը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից:
«Ռուսաստանը շարունակում է բորբոքել պատմական թշնամությունը, որպեսզի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը մնան անկայուն վիճակում: Ցավոք Վրաստանի ներկայիս ղեկավարությունը Պուտինին ձեռնտու սցենարով է շարժվում», պնդում է հեղինակը: Նրա կարծիքով Սահակաշվիլին խորացնում է լարվածությունը իր արդեն հնացած ձևակերպումներով:
Սակայն խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են Վրաստանում կառավարությունը փոխելու համար: «Ընտրվելու դեպքում իմ «Վրացական երազանք» դաշինքը կհրաժարվի սառը պատերազմին բնորոշ հռետորաբանությունից և ավելի արդյունավետ կչեզոքացնի մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ ծնող պատճառները»,- խոստանում է Իվանիշվիլին: Նա իր ծրագիրն է ներկայացնում՝ ժողովրդավարության զարգացում, արևմտյան արժեքների ճանաչում, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրում, Ռուսաստանի կողմից գրավված տարածքների ազատում, զորեղ պաշտպանական ուժերի ստեղծում:
Սակայն «Վրացական երազանքը», ի տարբերություն Սահակաշվիլու, դատարկ տեղը սուր չի ճոճի, նշում է հեղինակը. «Անհնար է ամուր ապագա կառուցել՝ Ռուսաստանի կամ մեկ այլ պետության նկատմամբ ուժ ցուցադրելու ճանապարհով»:
Իվանիշվիլին խոստացել է խաղաղության հաստատման համար ամուր հիմք կառուցել: «Ռուսաստանի հետ եկխոսությունը մենք մտադիր ենք իրականացնել հաստատակամ և սկզբունքայնորեն»,- իր հոդվածում գրել է վրացի ընդդիմադիր գործիչը: