Ռուսաստանը ՄԱԿ-ի վերջին բանաձևը խոչընդոտ է համարում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երեկ Սիրիայի վերաբերյալ ընդունված բանաձևը Ռուսաստանը համարում է երկրում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խոչընդոտող փաստաթուղթ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկությանը փաստաթղթին կողմ է արտահայտվել 133 երկիր, դեմ` 12-ը, 31-ն էլ ձեռնպահ է մնացել: Բանաձևի նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ բանաձևը միակողմանի է և աջակցում է սիրիական զինված ընդդիմությանը: Փաստաթուղթը Սիրիայում իշխանափոխության կոչ է անում ու քննադատում Անվտանգության խորհրդին երկրում բռնություններին վերջ տալ չկարողանալու մեջ:

Նախքան քվեարկությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ Սիրիայում իրավիճակը վերաճել է պատերազմի «այլոց շնորհիվ» և կոչ էր արել գերտերություններին դադարեցնել մրցակցությունն ու վերջ դնել բռնություններին:

Ընդունված փաստաթուղթն իրավական ուժ չունի, դրա հիմնական նպատակը ՄԱԿ-ի ԱԽ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն է, որպեսզի այն ձեռնարկի առավել վճռական քայլեր: Իսկ դրան զուգահեռ, մարտական գործողությունները Սիրիայում շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս