ԲՀԿ-ի պատասխանը «նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին»
ԲՀԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի հաղորդագրություն է տարածել Յուրի Վարդանյանի հայտարարության հետ կապված: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին:
Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպոտաձևի զարգացման գործում: Ինչ է՝ համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:
Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք՝ դրանք տեղին չեն և չարժէ Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղի՞ց առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին,մեզ հայտնի չէ: Հույսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները»: