Նյու Յորքի դատարանը մերժել է Եղիազարյանի հայցը
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը հուլիսի 30-ին մերժել է խարդախության համար Ռուսաստանում հետապնդվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն ընդդեմ ԱՄՆ քաղաքացի, «Եվրասիական ժողովրդավարական նախաձեռնություն» (Eurasia Democracy Initiative) նյույորքյան ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Պյոտր Զալմաևի:
Ըստ «Փաստինֆոյի»՝ հայցվորը մեղադրում է վերջինիս իրեն զրպարտելու և վարկաբեկող տեղեկություններ տարածելու, մասնավորապես` հակաամերիկյան, հակասեմիտական հայացքներ ունենալու, քաղաքական և տնտեսական անօրինական գործունեություն ծավալելու և այլնի մեջ:
Ռուսաստանյան արդարադատությունից խուսափող, վտարանդի գործարար Ա. Եղիազարյանը գտնում է, որ Զալմաևը միտումնավոր վարկաբեկել է իրեն` 2010թ. ԶԼՄ-ներում զրպարտող նյութերի շարք հրապարակելով: Խոսքը, մասնավորապես, «Jewish Journal»-ում, «Moscow Times» հրապարակումների, ինչպես նաև ԱՄՆ պետական անվտանգության դեպարտամենտին և այլ ատյաններին ուղղված` իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում Freedom House -ի, և իրավապաշտպաններ Լև Պոնոմարյովի ու Լյուդմիլա Ալեքսեևայի նամակների մասին է:
Բացի այդ, հայցում նշվում է, որ իրավապաշտպանի տարածած նյութերը վնասել են Ա. Եղիազարյանի հեղինակությանը, խափանել ԱՄՆ-ում ապաստան ստանալու նրա փորձերը և խանգարել այդ երկրում տնտեսական գործունեություն ծավալելուն:
Հայցվորի պնդմամբ, իր դեմ ԶԼՄ-ներում ձեռնարկված արշավի հետևանքով ինքը ստիպված է եղել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար ծախսել իրավաբանների և PR մասնագետների ծառայությունների վրա: Ա. Եղիազարյանը պահանջում էր փոխհատուցել իր կրած վնասը:
Ըստ «Փաստինհոյի»՝ նյույորքյան դատարանը համարել է, որ հրապարակումները զրպարտանք չեն պարունակում, կամ էլ հեղինակների անձնական կարծիք են, այլ ոչ փաստեր, ինչն էլ զրկում է հայցվորին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունից:
Այս գործի շրջանակներում Պ. Զալմաևը ներկայացրել է հակընդդեմ հայց այն հիմքով, որ Ա. Եղիազարյանը հայցով դիմելով դատարան` փորձել է խոչընդոտել իր օրինական լրագրողական գործունեությանը: Հակընդդեմ հայցը գտնվում է դատարանի վարույթում, և դրա վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ: