Բաժիններ՝

Բնապահպանության նախարարաությունը խոստացել է

«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնությունը hetq.am-ի միջոցով Բնապահպանության նախարարությանը հիշեցնում է իրենց կողմից ներկայացված պահանջը` պատասխանատվության ենթարկել  պաշտոնատար անձանց, ում մեղքով անօրինական կերպով «Խոսրովի անտառ» արգելոցից առանձնացվել է «Գիլան» արգելավայրը, ինչը խաթարում է արգելոցի բնականոն վիճակը:

«Մենք համոզմունք ենք հայտնում, որ քանի դեռ Հայաստանում չի գործում օրինազանց պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, մեր երկրում շարունակվելու են կայացվել անօրինական որոշումներ և վարչական ակտեր»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ հուլիսի 30-ին նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարը հավաստիացրել է, որ արգելոցի կարգավիճակը վերականգնելուց հետո «Գիլան» արգելավայրի տարածքում կառուցված` անօրինական կարգավիճակ ունեցող շինությունները կապամոնտաժվեն: Ինչպես նաև` կդադարեցվի ճանապարհաշինությունը, մինչև բնապահպանության նախարարությունում այդ հարցը չքննարկվի:

Նշվել է նաև, որ մշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ արտացոլված են հանրության մտահոգությունները և առաջիկա օրերին կներկայացվի հանրության դատին:

Նախաձեռնության անդամները հույս են հայտնել, որ հանրությունը գործուն մասնակցություն կունենա «Խոսրովի անտառի» և Հայաստանի մյուս հատուկ պահպանվող տարածքների իրավական կարգավիճակի` միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորման, դրանց կառավարման և որոշումների կայացման գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս