Եվրոյի գոտում արդյունաբերության անկումն արագանում է
Հուլիս ամսվա տվյալներով՝ PMI ինդեքսը, որը ցույց է տալիս տնտեսական ակտիվությունը արդյունաբերության ոլորտում, եվրոյի գոտում նվազել է` հասնելով 44 կետի։ Դա ամենացածր ցուցանիշն է վերջին 3 տարվա ընթացքում։
Այս մասին նշվում է Markit կենտրոնի զեկույցում։ Նշենք, որ PMI-ի՝ 50 կետից ցածր լինելը վկայում է անկման մասին։
Տնտեսական ակտիվությունը եվրոյի գոտում նվազում է արդեն 12 ամիս շարունակ։ Եռամյա մինիմումի են հասել Գերմանիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ցուցանիշները։ Արդյունաբերության ոլորտի ակտիվությունն աճել է միայն Իռլանդիայում՝ հասնելով 53.9-ի։
Markit Economics-ի գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնը նշել է, որ տնտեսական ակտիվության նվազումը բացասաբար է ազդելու 3-րդ եռամսյակի տնտեսական աճի վրա։
Ի դեպ, ԵՄ պարտքային ճգնաժամի պատճառով սկսել է նվազել նաև Չինաստանի արդյունաբերության ոլորտի տնտեսական ակտիվությունը (քանի որ Եվրամիությունը չինական արտահանման գլխավոր շուկան է)։ Հուլիսին այս երկրում PMI ինդեքսը կազմել է 50.1, որն ամենացածր ցուցանիշն է վերջին 8 ամիսների ընթացքում։