
Մանկասպանը խոստովանե՞լ է մեղքը

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա Աննա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության կասկածանքով ձերբակալված 40-ամյա Վլադիմիր Ամբարցումովը, որը նոր է դուրս եկել բանտից, խոստովանել է մեղքը հարցաքննության ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
Հուլիսի 23-ին Աննա Պրոկոպենկոն տնից դուրս էր եկել զբոսնելու և այլևս չէր վերադարձել: Նրա որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հուլիսի 25-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան վրա:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Ըստ քննիչների՝ նա մի քանի ժամ պահվել էր փակ տարածքում, սեռական ոտնձգությունների ենթարկվել, ապա խեղդվել էր ու տարվել անտառ:
Ըստ իրավապահների՝ Ամբարցումովը «խոստովանել է ապացույցների ճնշման տակ»: Մասնավորապես, առկա են տեսահսկման խցիկների նյութեր, որոնք ֆիքսել են Ամբարցումովին և Պրոկոպենկոյին միասին՝ դեպի անտառ գնալիս, ապա՝ մեկ ժամ անց՝ Ամբարցումովին՝ արդեն մենակ:
Մոտ 200 տղամարդկանցից ԴՆԹ անալիզ վերցնելուց հետո նաև հաստատվել է, որ աղջկա հագուստին առկա հետքերը ևս Ամբարցումովին են պատկանում: Վերջինիս մարմնին նաև 7-10 օրվա վաղեմության ճանկռվածքներ են հայտնաբերվել:
Life News-ը անդրադարձ է հրապարակել, որի համաձայն՝ Ամբարցումովի զոհը սոցիալական կայքերում շփվել է մոտ 100 տարբեր տարեց տղամարդկանց հետ՝ սեփական տարիքը ավելի մեծ նշելով: