
Տեսնում են ճգնաժամի վերջը

«Եվրոպական պարտքային ճգնաժամը մոտենում է ավարտին»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` նշելով, որ «տեսնում է լույս թունելի վերջում»: Այս հայտարարությունը Մոնտին արել է երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո: Օլանդը ևս հանդես է եկել լավատեսական հայտարարությամբ: «Եվրոյի գոտին կպաշտպանվի, կպահպանվի, կամրապնդվի և մենք կկարողանանք ապահովել նրա ամբողջականությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Իտալիայի վարչապետն էլ իր հերթին նշել է, որ հունիսի վերջին Եվրոպական միության գագաթաժողովում ընդունված որոշումները «շատ կարևոր դարձան և արդեն ապահովում են ցանկալի արդյունքներ»: Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը շարունակել է աճել: