Հովիկ Աբրահամյանն է ընտրում ԲՀԿ-ական թեկնածուներին` Սերժ Սարգսյանի շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու համար

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ առաջիկա աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխանությունը վերաբերվում է՝ որպես 2012թ. նախագահական ընտրությունների նախավարժանք: Խոսքը ոչ այնքան ընտրական տեխնոլոգիաների, որքան ՀՀԿ-ԲՀԿ «փոխգործակցության մոդելի» փորձարկման մասին է: Չնայած մամուլում ու քաղաքական շրջանակներում, որպես նման օրինակ, ավելի շատ քննարկվում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի դե ֆակտո առաջադրումը, սակայն, մեր տեղեկություններով, նույն մեխանիզմը գործելու է նաև մնացած բոլոր այն համայնքներում, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է թեկնածուներ առաջադրել: Բացի Գյումրիից, ԲՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածուներ առաջադրել նաև Վանաձորում, Գավառում, Աբովյանում և մի շարք այլ մեծ ու փոքր համայնքներում:

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԲՀԿ-ական թեկնածուների ընտրության գործընթացը համակարգում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա առանձին-առանձին հանդիպում է ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք թեկնածուների հետ և, վերջնական «հավանություն» տալուց առաջ, ներկայացնում է ամենակարևոր պայմանը` անկախ առաջիկա քաղաքական զարգացումներից, 2013 թ. նախագահական ընտրություններում տվյալ քաղաքապետը կամ գյուղապետն իր թիմով պետք է աշխատի նախագահ Սերժ Սարգսյանին ձայներ ապահովելու համար: Նույն աղբյուրների համաձայն, յուրաքանչյուր թեկնածու` կախված իր համայնքում պաշտոնապես գրանցված ընտրողների թվից, պարտավորվում է որոշակի թվով` 60-70 տոկոս ձայն ապահովել: Բացի այդ, յուրաքանչյուր թեկնածու ստորագրում է նաև հրաժարականի դիմումի տակ, որում ամիս-ամսաթիվ նշված չէ, և, եթե նրանք ընտրություններում չարդարացնեն սպասելիքները` ինքնաբերաբար կազատվեն զբաղեցրած պաշտոններից: 168.am-ի տեղեկություններով, եթե աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում նաև ԲՀԿ-ական թեկնածուների միջոցով Հովիկ Աբրահամյանը կարողանա ապահովել «վստահելի» թեկնածուների հաղթանակը, ապա նա կզբաղեցնի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս