
ՀՀ նախագահը կարևորել է, որ մարզիկները հանդես գան անկաշկանդ ու կենտրոնացած

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ:
Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է: Ամենակարևորը, Նախագահի խոսքով, այն է, որ մեր մարզիկները կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները՝ անկաշկանդ և ամբողջովին կենտրոնացած: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մարզիկների հաջողությունները յուրատեսակ սխրանք են, որը նրանք պետք է ձգտեն կատարել՝ մեր ժողովրդին պարգևելով ուրախության և հպարտության պահեր, այդպիսով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելով աշխարհում: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև լոնդոնյան օլիմպիադան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն հնարավորը, որպեսզի մեր մարզիկները պատրաստ լինեն այսօրվա մրցելույթներին: