«Թռչկանի» համար պայքարը դեռ ավարտված չէ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են հետևողականորեն արձագանքել Բնապահպանության նախարարության կազմած` «Թռչկան» ջրվեժի անձնագրի նախագծի փոփոխություններին: Այսօր hetq.am-ի միջոցով նրանք նամակ են հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` անդրադառնալով անձնագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության ակտիվիստները մի շարք առաջարկություններով էին հանդես եկել` մանրամասն անդրադառնալով ջրվեժի անձնագրի նախագծի կետերին:
Դրանց մեծ մասն ընդունվել է նախարարության կողմից, սակայն, ըստ նախաձեռնության անդամների, անտեսվել է ամենակարևորը` ջրվեժի պահպանման գոտու ստորին հանգուցակետին վերաբերող առաջարկը: Ըստ նախաձեռնության ներկայացուցիչների, այդ հանգուցակետն անհրաժեշտ է մինչև Շիրակամուտի ջրանցքի ջրառն ընկած հատվածը մոտ 1 կմ գետի հոսանքն ի վար հասցնել, ինչը կապահովի տարածքի ներդաշնակությունն ու ամբողջականությունը:
Առաջարկությունը հիմնավորելու և ապացուցելու համար նախաձեռնությունն անգամ առաջարկում է նախարարության և իրենց մասնագետների հետ համատեղ այց կազմակերպել տարածք, որպեսզի մանրամասն ներկայացնեն ջրվեժի և գետի հոսանքով վար գտնվող ձորի ամբողջականությունը և պահպանման գոտում ընդգրկելու անհրաժեշտությունը: