
Բոլորն ամբիցիոզ դեմքեր են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, թե վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում էլեկտորատի վերախմբավորում տեղի կունենա, քանի որ այս ընտրաշրջանի կենտրոնական խաղացողը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դուրս եկավ կոալիցիայից:
«ԲՀԿ-ի ձայների մոտ 60 տոկոսն իշխանական թևն է կազմում, իսկ 40 տոկոսը` ընդդիմադիր: Դուրս գալով իշխանության կազմից` նա հավանաբար կկորցնի իշխանական ձայների զգալի մասը, իսկ ընդդիմադիր ձայներ դժվար թե վերցնի, քանի որ նա հավաքել է հնարավորինս ընդդիմադիր դաշտում, որտեղ խաղում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»»,- ասաց նա: Ա.Ադիբեկյանը նշեց, որ իր ղեկավարած սոցիոլոգիական կենտրոնն աշնանը կատարելու է առաջին հարցումը` որոշելու համար, թե ընդդիմադիր դաշտն ինչպե՞ս կարող է ներկայանալ` միասնական թեկնածուով, թե յուրաքանչյուր կուսակցություն` իր սեփական թեկնածուով: «Եթե ընդդիմադիր կուսակցություններն առանձին դուրս գան պայքարի, նախագահ Սերժ Սարգսյանի խնդիրը կհեշտանա, քանի որ ընդդիմության ուժերը կպառակտվեն, և միասնական ծավալային ձայն չի լինի: Իսկ ընդդիմադիր ուժերը միանալու հարցը բավականին լուրջ խնդիր է, քանի որ բոլոր քաղաքական դեմքերը` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը բավական ամբիցիոզ դեմքեր են, և ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչպես կարող են զիջումների գնալ կամ աջակցել մեկ այլ կուսակցության: Այս կազմ մեջ կարող է մտնել նաև Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ՝ այս ընտրափուլումը կարևոր է որոշել, թե ո՞վ է ավելի անցողիկ ընդդիմադիր դաշտում և հնարավո՞ր է, որ ընդդիմությունը միավորվի նրա շուրջը»,- ասաց սոցիոլոգը:
Իսկ իշխանական թևի մասին Ադիբեկյանը նշեց, որ բացի Ս.Սարգսյանից, չկա ուրիշ լուրջ դեմք, ով կարողանա գլխավորել իշխանական դաշտը: «Մենք կարող ենք եզրակացնել, որ այս ընտրափուլը կախված կլինի ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի վարքագծից, և այստեղից էլ կբխեն մյուս հարցերը»,- ավելացրեց նա: